Սոթքի ճանապարհին ավտոբուսը դարձել է անկառավարելի, աշխատակիցն ընկել է խճաքարերին․պարզաբնում

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 28, 24News

գեո

«Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերությունը տեղեկացնում է, որ ընկերությանը պատկանող Սոթքի հանքավայրի աշխատակիցների՝ իրենց բնակավայրից դեպի հանքավայր և հետադարձ ուղղություններով տեղաշարժն ապահովում է կապալառու «Շամա տրանս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, որը «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերության հետ կնքել է տրանսպորտային ծառայությունների մատուցման պայմանագիր: Պայմանագրով սահմանված կետերից են նաև տրանսպորտային միջոցի տեխզննման առկայությունը, ճանապարհատրանսպորտային պատահարների պատասխանատվությունը: Ուստի այսօրվա պատահարի մեջ հայտնված ավտոբուսը ևս պատկանում է այդ ընկերությանը:

Տեղեկացնենք, որ ինչպես միշտ, այսօր առավոտյան ևս, Վարդենիս քաղաքի բնակիչ, վարորդ Սերյոժա Թադևոսյանն իր վարած ՊԱԶ 672 մակնիշի 04 ՏՕ 172 համարանիշի ավտոմեքենայով, ընկերության աշխատակիցներին տեղափոխել է հանքավայր: Բոլոր աշխատակիցներն իջել են ավտոբուսից և անցել աշխատանքի:

Նախնական տվյալներով, ավտոբուսի հետադարձ ուղղությունից օգտվելու նպատակով,  մեքենա են բարձրացել 3 աշխատակիցներ: Հետադարձ ճանապարհին  մեքենան դարձել է անկառավարելի: Մեքենան հարվածել է հանքավայրի երթուղու համար նախատեսված անվտանգության պատնեշին և կանգ առել: Վարդենիս քաղաքի բնակիչ, 32-ամյա Գուրգեն Դարբինյանին հայտնաբերել են ավտոբուսի և խճաքարերի արանքում:

«Գեոպրոմայնինգ» ընկերությունը ցավում է կատարված դեպքի համար և իր զորակցությունն է հայտնում Գուրգեն Դարբինյանի ընտանիքի անդամներին ու հարազատներին: Ընկերությունը նաև նրա ընտանիքին ցանկացած հարցով աջակցելու իր պատրաստակամությունն է հայտնում:

Փաստի առիթով ընթանում է քննություն դեպքի հանգամանքները պարզելու նպատակով:

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերության Սոթքի ոսկու հանքավայրի վարչական տարածքում աշխատակիցներին տեղափոխող ավտոբուսը դեռևս անհայտ պայմաններում կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, ինչի հետևանքով ավտոմեքենայի ուղևորը՝ Վարդենիս քաղաքի բնակիչ 32-ամյա Գուրգեն Դարբինյանը, ընկել է ավտոբուսից, հայտնվել խճաքարերի և ավտոբուսի տակ։ Գուրգեն Դարբինյանը տեղում մահացել է։