Կառավարությունը Գյումրիում ազատ տնտեսական գոտի ստեղծելուն հավանություն տվեց

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 29, 24News

Գյումրիում կստեղծվի ազատ տնտեսական գոտի։ Նախագիծը կառավարության հավանությանը ներկայացրեց Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը և տեղեկացրեց, որ ազատ տնտեսական գոտու ստեղծումը հնարավորություն կտա ներգրավել ուղղակի ներդրումներ, ստեղծել աշխատատեղեր, նպաստել մարզի զարգացմանը։

«Ազատ տնտեսական գոտին կնպաստի մարզի տնտեսական իրավիճակի զարգացմանը, կստեղծի կայուն զարգացման հիմքեր։ Այն գտնվելու է Գյումրիի օդանավակայանի հարևանությամբ և 10-12 տարվա ընթացքու ընդգրկելու է 319 հա մակերես տարածք։ Ծրագիրն իրականացվելու է 5 փուլով»,-ասաց նա։ 

Նիստին քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը նկատեց, որ չափազանց մեծ տարածք է հատկացվում մասնավորին ազատ տնտեսական գոտի ստեղծելու համար։
«Շատ հզոր երկրներ իրենց թույլ չեն տալիս 200 հա մեծ «ֆրի զոն» ունենալ, դա տանում է տնտեսության քայքայման։ Կարծում եմ՝ 10-15 հա լրիվ բավարար է»,-ասաց նա։

Տիգրան խաչատրյանն էլ ընդգծեց, որ ծրագիրը փուլային է իրականացվելու, առաջին փուլում տրամադրվելու է փոքր տարածք և եթե տեսնենք, որ ռիսկեր են առաջանում, հաշվի կառնեն դրանք։