Թրամփը դեմ է Ամազոնի հրդեհների մարմանը G7 երկրների կողմից 20 մլն եվրո հատկացնելուն

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 29, 24News

1

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր անհամաձայնությունն է հայտնել Ամազոնիայում անտառային հրդեհների մարման համար որպես օգնություն 20 մլն եվրո հատկացնելու մասին G7 երկրների առաջնորդների որոշմանը: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Գարեթ Մարկին։

«Միացյալ Նահանգները պատրաստ է օգնել այդ հրդեհների դեմ պայքարում Բրազիլիայի ջանքերին եւ չի համաձայնվել G7-ի համատեղ նախաձեռնությանը, որը հաշվի չի առել Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուի հետ այդ թեմայով քննարկումները։ Սատարելու ավելի կառուցողական միջոց կլիներ Բրազիլիայի կառավարության հետ գործողությունների համակարգումը»,- հավելել է Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Սպիտակ տան տիրոջ խոսքով՝ Բրազիլիայի նախագահը եւ նրա երկիրը «օգտվում են ԱՄՆ լիակատար աջակցությունից»: