Ոստիկանության ծառայողները շարունակում են բակային հանդիպումները բնակիչների հետ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 29, 24News

1

Ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանի հանձնարարականի համաձայն՝ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են բակային հանդիպումները բնակիչների հետ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, հերթական հանդիպումներն անցկացրել են ոստիկանության Արարատի մարզային վարչության տարածքային բաժինների աշխատակիցները:

«Նաև նման հանդիպումների շնորհիվ է ամրապնդվում հասարակություն-ոստիկանություն կապը, ինչը հանցագործությունների կանխման, արագ և օպերատիվ բացահայտման, տարածքի օպերատիվ իրավիճակը վերահսկելի պահելու լավագույն երաշխիքն է:

Ոստիկանները շատ բան ունեին ասելու բնակիչներին՝ ինչպես զերծ մնալ հանցավոր ոտնձգությունից, ինչպես պահպանել տունն ու ունեցվածքը, ինչ անել հանցագործություն լինելու դեպքում: Խուրհուրդ է տվեցին տնից երկարատև բացակայելու դեպքում տեղյակ պահել տարածքը սպասարկող համայնքային ոստիկանին։
Բնակիչներին հուզող հարցերն էլ բազմազան էին, նաև այնպիսիք, որոնք ուղղակիորեն չէին առնչվում ոստիկանական գործառույթներին, բայց նման դեպքերում էլ ոստիկանները խոստացան ամեն կերպ օգտակար լինել: 
Գյուղական համայնքներում ոստիկանները հորդորեցին գոմերի դռները կողպել հուսալի փականներով, պատուհաններին տեղադրել ճաղավանդակներ, իսկ համայնքի ղեկավարներին խորհուրդ տրվեց գյուղի ելումուտի ճանապարհներին տեղադրել տեսահսկող սարքեր:

Այս հանդիպումներն օգտակար են նաև ոստիկանների համար: Զրույցների միջոցով իրավապահները ուսումնասիրում և վերլուծում են սպասարկվող տարածքի օպերատիվ իրավիճակը, իրավախախտումների առանձնահատկությունները, դրանք ծնող պատճառներն ու պայմանները, դրանց հիման վրա կազմում են աշխատանքային պլաններ: 
Բակային հանդիպումները շարունակվում են»,- նշված է ոստիկանության տարածած հաղորդագրությունում: