Երկար մտորումներից հետո որոշում եմ հրաժարվել մանդատից. «Իմ քայլը»-ի պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 29, 24News

.

ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանը որոշում է կայացրել մանդատը վայր դնել, այս մասին Facebook-յան իր էջում գրառում է կատարել պատգամավորը, որը ներկայացնում ենք ստորև:

«Երկար մտորումներից հետո որոշում եմ կայացրել պատգամավորական մանդատից հրաժարվելու մասին:

Որոշումը բացառապես իմն է, պարտադրված կամ հրահրված չէ որևէ մեկի կողմից: Պատճառները մաքուր անձնական տիրույթում են: Քաղաքականությամբ զբաղվող անձը պիտի օժտված լինի քաղաքականությամբ զբաղվելու համար անհրաժեշտ որակներով: Խորապես հավատացած եմ, որ ինձ մոտ այդ որակներից մի քանի կարևորագույնները բացակայում են, ինչն ինձ անհամատեղելի է դարձնում այդ գործունեության հետ:

Ներողություն եմ խնդրում այն մարդկանցից, հատկապես` հարազատ, ում համար իմ այս քայլը հիասթափության կամ այլ բացասական զգացողությունների տեղիք կտա: Համոզված եմ, որ այս վաղ փուլում դա չանելու պարագայում զղջալու բազմաթիվ առիթներ են լինելու ապագայում` նորից պայմանավորված վերը նշված հանգամանքով:

Հատուկ ևս մեկ անգամ շեշտում եմ, որ սա անձնական որոշում է` դեմարշ չէ Ամուլսարի հանքի հնարավոր շահագործման, Ստամբուլյան կոնվենցիայի հնարավոր վավերացման կամ որևէ այլ գործընթացի դեմ, թեև ժամանակային առումով գուցե համընկնում է դրանց հետ: Սա որևէ կերպ քայլ չէ ընդդեմ «Իմ քայլ»-ի, որի մի մասնիկը լինելու պատիվն եմ ունեցել վերջին ամիսներին: Հայտնի ուժերին և նրանց խամաճիկներին խորհուրդ եմ տալիս անտեղի չոգևորվել, քանի որ դրա հիմքերը ուղղակի չկան:

Որպես Հայաստանի Հանրապետության շարքային քաղաքացի շարունակելու եմ սատար կանգնել հեղափոխական թիմին և նրա ձևավորած գործադիր ու օրենսդիր իշխանությանը երկրում արմատական բարեփոխումների իրականացման և արդարության հաստատման, ժողովրդավարության ամրապնդման դժվարին ճանապարհին:

Ամենայն հավանականությամբ կշարունակեմ զբաղվել նրանով, ինչով մինչև արտահերթ խորհրդարանական ընտրությունները. կվերադառնամ ՏՏ ոլորտ` ինձ այդքան հարազատ ու սիրելի կոդերի աշխարհ: Վստահ եմ, որ դրանով ավելի մեծ օգուտ կբերեմ մեր երկրին:

Հ.Գ. Այլ մեկնաբանություններ ԶԼՄ-ների համար չեն լինելու, խնդրում եմ սահմանափակվել այսքանով», - գրել է նա: