Միջնորդություն՝ ախալքալաքցու համար․ միջնորդողը «Իմ քայլի» պատգամավորներն են․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 30, 24News

Շիրակ

«Հրապարակ» թերթը գրում է. ««Իմ քայլի» պատգամավորներ Շիրակ Թորոսյանն ու Արմեն Փամբուխչյանը, մեր տեղեկություններով, խուլիգանության հոդվածով մեղադրվող մի երիտասարդի՝ Ակակի Տոնոյանին, կալանքից ազատելու միջնորդություն են ներկայացրել։ Բայց պարզվում է՝ երիտասարդը բավականին տխուր միջադեպի հերոսներից է․ նա և իր տասը ընկերները մոտ մեկ ամիս առաջ ջարդուխուրդ են արել մեկ այլ երիտասարդի, ու հիմա խուլիգանության հոդվածով քրեական գործ է քննվում։

Երիտասարդի և պատգամավորների առնչության մասին էլ ասացին, որ մեղադրյալն ախալքալաքցի է՝ Շիրակ Թորոսյանի հայրենակիցը։

Թորոսյանը չհերքեց միջնորդության փաստը. «Այո, ներկայացրել եմ, որովհետև ինքը ջավախքեցի տղա է, երիտասարդ: Ինչպես գրեթե բոլոր ջավախքեցիները միշտ կռվի մեջ են ընկնում, ես էլ ուսանող ժամանակ նման բաների միջով շատ եմ անցել ու շատ լավ հասկանում եմ իրեն»: Բայց խուլիգանության հոդված է երիտասարդի վրա։ «Խուլիգանություն ասածը կռիվն է, ո՛չ գողություն է արել, ո՛չ հանցագործություն, շարքային ծեծկռտուք է եղել: Մանրամասներ չգիտեմ, բայց սովորաբար ախալքալաքցիները տասը հոգու չեն ծեծում»:

Թորոսյանը շեշտեց, որ ինքը չի էլ ճանաչում տղային, ծնողներն են իրեն խնդրել՝ որպես ջավախեցի պատգամավոր, ինքն էլ իր պարտքն է համարել օգնել տղային: Ասաց նաև, որ Փամբուխչյանն էլ արմատներով ջավախեցի է, դրա համար համատեղ են միջնորդել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: