Սեպտեմբերի 1-ից քաղաքացին հնարավորություն կունենա դիմել տարածքում ամենահարմար ՔԿԱԳ-ին. ԱՆ

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 30, 24News

ան

Քաղաքացիները 2019 թվականի սեպտեմբերի 1-ից կարող են դիմել իրենց նախընտրած ՔԿԱԳ տարածքային մարմին կամ ՀՀ արդարադատության նախարարության ՔԿԱԳ գործակալություն՝ քաղաքացիական կացության ակտեր գրանցելու, դրանցից բխող այլ գործառույթներ կատարելու, այդ թվում՝ քաղաքացիական կացության պետական գրանցման մասին վկայականների կրկնօրինակներ եւ տեղեկանքներ ստանալու համար: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Քաղաքացիական կացության պետական գրանցման մասին վկայականի կրկնօրինակը կամ տեղեկանքը տրամադրվելու է քաղաքացու դիմումը ՔԿԱԳ մարմնում մուտքագրելու նույն օրը, եթե՝

- պահանջվող քաղաքացիական կացության ակտը գրանցվել է 2014 թվականի սեպտեմբերի 30-ից հետո կամ

- քաղաքացին 2014 սեպտեմբերի 30-ից հետո ստացել է վկայականի կրկնօրինակ կամ տեղեկանք կամ

- պահանջվող քաղաքացիական կացության ակտը գրանցվել է մինչեւ 2014 թվականի սեպտեմբերի 30-ը եւ թվայնացված է ՔԿԱԳ էլեկտրոնային կառավարման համակարգում։ ՔԿԱԳ էլեկտրոնային կառավարման համակարգում քաղաքացիական կացության ակտի ստուգումը կատարվում է ՔԿԱԳ մարմնի աշխատակցի կողմից դիմումը մուտքագրելու պահին:

Եթե ՔԿԱԳ էլեկտրոնային կառավարման համակարգում պահանջվող քաղաքացիական կացության ակտը դեռեւս թվայնացված չէ, ապա վկայականի կրկնօրինակը կամ տեղեկանքը տրամադրվում է ոչ ուշ, քան երեք աշխատանքային օրվա ընթացքում:

Հայաստանի քաղաքացիական կացության ակտերի գրանցման ոլորտն անցնում է ամբողջությամբ էլեկտրոնային ձեւաչափով տրամադրվող քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին էլեկտրոնային վկայականների, վկայականների կրկնօրինակների եւ տեղեկանքների:

Քաղաքացիական կացության ակտի գրանցումը կատարելուց հետո, ինչպես նաեւ վկայականի կրկնօրինակ կամ տեղեկանք տրամադրելու մասին դիմումի վարույթի ավարտման արդյունքում՝ պահանջվող վկայականները, դրանց կրկնօրինակները կամ տեղեկանքները ուղարկվելու են քաղաքացիական կացության ակտային գրանցման մեջ նշված անձանց՝ www.e-citizen.am կայքի պաշտոնական, ինչպես նաեւ քաղաքացու կողմից տրամադրված էլեկտրոնային փոստի հասցեներին:

Արդյունքում՝ քաղաքացուն հնարավորություն է ընձեռնվում մշտապես ունենալ իր վերաբերյալ քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին վկայականները եւ տեղեկանքները համակարգչում, հեռախոսի մեջ եւ տեղեկատվության պահպանման այլ տեխնիկական միջոցներում:

Վկայականների կամ դրանց կրկնօրինակների կամ տեղեկանքների իսկության ստուգումը կարող է իրականացվել դրանց վրա զետեղված էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով գեներացվող համարանիշը մուտքագրելով www.e-verify.am կայքում կամ օգտագործել դրանց վրա զետեղված արագ արձագանքման ծածկագիրը:

Քաղաքացու պահանջով ՔԿԱԳ մարմինները պարտավոր են տրամադրել վկայականը, վկայականի կրկնօրինակը կամ տեղեկանքը՝ թղթային կրիչի վրա:

Վկայականների կրկնօրինակների համար «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի համաձայն գանձվում է 3.000 ՀՀ դրամ, իսկ տեղեկանքի տրամադրման համար՝ 2.000 դրամ պետական տուրք:

ՔԿԱԳ մարմինների գործառույթների կատարման վերաբերյալ հարցերը կամ բողոքները խնդրում ենք ուղղել ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական էլեկտրոնային հասցեին՝ info@moj.am կամ զանգահարել ՀՀ արդարադատության նախարարության թեժ գիծ ծառայությանը՝ 85 00 հեռախոսահամարով:

Հիշեցնենք նաեւ, որ քաղաքացիները ՔԿԱԳ մարմինների կողմից մատուցվող ծառայությունների, դրանց համար պահանջվող փաստաթղթերի ցանկին ու ծառայության սակագներին կարող են ծանոթանալ հետեւյալ հղումով:

Տեսանյութեր

Live

Լրահոս