«Լիդիանի»՝ 2016-ի ՇՄԱԳ-ը բավարար չէ Ամուլսարի հանքն ապահով շահագործելու համար․ «Էլարդ»

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 30, 24News

Տնտեսական

«Լիդիանի» 2016թ ՇՄԱԳ-ը և նախագիծը բավարար չեն Ամուլսարի հանքն ապահով շահագործելու համար։ Նման հայտարարություն արեց «Էլարդի» ներկայացուցիչը օգոստոսի 29-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի և կառավարության անդամների հետ հրավիրված «օնլայն» քննարկմանը։ 

««Լիդիան» ընկերությունը պետք է թարմացնի ՇՄԱԳ-ը, որ կարողանա հաստատել մեր առաջարկած մեղմացման միջոցառումները։ Դրանից հետո հանգամանալից պետք է ուսումնասիրվեն բոլոր վտանգները»,-ասաց «Էլարդի» ներկայացուցիչը։

Վարչապետի հարցին, թե ինչի հիման վրա է «Էլարդ» ընկերությունը իր եզրակացության մեջ ներկայացրել հանքի շահագործման դեպքում ազդեցության մեղման տարբերակներ՝ նման հանձնարարություն կառավարությունը չի տվել, «Էլարդի» ներկայացուցիչը պատասխանեց․ «Մենք նման խնդրանք նամակ ենք ստացել Քննչական կոմիտեի կողմից»։

Քննարկմանը ներկա ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանը խնդրեց վարչապետին հանձնարարել «Էլարդին» նշված նամակը վերահասցեավորել կառավարության աշխատակազմ, որպեսզի ուսումնասիրեն և հասկանան՝ ինչ նամակի մասին է խոսքը։

Քննարկմանը նաև «Էլարդին» հարց ուղղվեց մաքրման կայանի մասին՝ այն ինչ ժամկետում է անհրաժեշտ ունենալ, ինչ հետևանքներ կլինի, եթե այն կառուցվի 5 տարի հետո։

«Մաքրման կայանի մասին չեմ կարող ասել՝ երբ է պետք գործարկել, քանի որ ուսումնասիրություն է պետք անցկացնել։ Բայց վստահ եմ, որ այն շուտ է պետք գործարկել»,-ասաց «Էլարդի» ներկայացուցիչը։