Բոլոր միլիոնատեր թալանչիներն առողջական խնդիրներ ունեն, այդ փողերով թող բուժվեին. Մարուքյան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 30, 24News

Ամուլսարի հարցով նոր ՇՄԱԳ-ի անհրաժեշտությունն ակնհայտ էր, դրա մասին վաղուց ասում էին հայ փորձագետները։ 24News-ի հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով վարչապետի գլխավորությամբ Կառավարության անդամների և «Էլարդ» ընկերության օգոստոսի 29-ի քննարկմանը։

«2,5 ժամ խոսել են, դա են պարզել։ Ու դրա համար 400 հազ․ դոլար են տվել  «Էլարդին», իսկ մեր մասնագետները վաղուց ասել էին դրա մասին։ Հիմա նոր ՇՄԱԳ-ի դեպքում նորից գումար պետք է հատկացվի Բնապահպանության նախարարությանը»,-ասաց նա։

24News-ի դիտարկմանը, թե ի՞նչ կարծիք ունի Գագիկ Խաչատրյանի կալանավորման մասին և այն, որ պաշտպանն ասում է՝ առողջական լուրջ խնդիրներ ունի նախկին պաշտոնյան, պատգամավորը պատասխանեց․ «Հայտարարվել է, որ բոլոր գող ավազակները պետք է պատասխան տան, մենք էլ սպասում ենք, որ պատասխան տան։

Պետք է իմանանք՝ ինչպես են թալանել ու կեղեքել երկիրը։ Ինչ վերաբերում է հիվանդ լինելուն, ապա ասեմ, որ ցանկացած փաստաբան ինքն է ընտրում իր ռազմավարությունը։ Դրա մասին խոսել չեմ ուզի, բայց մի բան կարող եմ ասել՝  առողջական խնդիրներ ունեն, թող էդ փողերով բուժվեին։ Իսկ ընդհանրապես, ցանկացած դատապարտյալ բուժում կարող է ստանալ քերակատարողական հիմնարկի շրջանակում կամ անհրաժեշտության դեպքում քաղաքացիական հիվանդանոցում»։