Իշխանության ավարտը կամ երբ Մարտին Լյութեր Քինգը ասաց. «I have a dream»

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 30, 24News

Նիկոլ

«…Ավստրալիայում հարբի կոչվող տեսակի մողեսներ կան, որոնք, չնայած բեղմնավորված ձվեր են դնում, բայց բոլորն էլ… էգ են: Պատկերացնու՞մ եք՝ նախնիներդ՝ էգ, դու՝ էգ, սերունդներդ՝ էգ: Կամ էլ մեկ այլ դիտանկյունից․ դու՝ էգ, ազգուտակ-շրջապատդ՝ էգ, քո մողեսային ողջ երկիրը՝ էգ: Ինչ ահավոր է, չէ՞, էգ, էգ, էգ… Բայց մենք, բարեբախտաբար, դեռ էդ օրին չենք հասել: Թեև դրա ճամփին ենք: Ու, եթե ուշանանք, էդ օրն ենք ընկնելու: Ու սեռի` զուտ ֆիզիկական հատկանիշները կապ չեն ունենալու…»։

ԱՅԴԻՆ ՄՈՐԻԿՅԱՆ 1999 թ. մայիս, 14

 

Նիկոլ Փաշինյանը պառլամենտի ամբիոնից, երբ հակադարձեց նախկին վարչապետների հրաշքների ամլությանը և առաջ տվեց իր փայտիկի լինելիությանը, սպասումը եղածից ավելի մեծացավ: Կախարդական ձողիկը չերևաց, և հայը նորից կանգնում է ոչ սթափ ցանկությունների չիրականացման սահմանի առջև: Մինչդեռ եթե իշխանությունը բովանդակություն ունենար ու դրանից բխող նպատակներ, կճարեր անհրաժեշտ գործիքակազմը և հակասության քամու տակ չէր ընկնի: Հայտարարվածին տրված մեկնարկը ոչինչ չի խոստանում, և մեկ քայլ առաջ ու երկու քայլ հետ քաղաքական մարմնաշարժությունը լիարժեք ապրում է կառավարող կյանքում:

Մարտի 1-ի գործ, անցումային արդարադատություն, վեթինգ, Սահմանադրության, ընտրական ու կուսակցությունների մասին օրենքների փոփոխություն, Երևանի զիբիլ, դատական համակարգ, Ղարաբաղի հարց, հիմա՝ Ամուլսար (շարքը դեռ կարելի է շարունակել)… ոչինչ արդյունք չի տվել և չի բարեփոխվել հատկապես հեղափոխական արագությամբ: Իշխանությունը դադար է վերցրել ձերբակալությունների շարքում և կսկսի հատ-հատ վերցնել նախկին խոշոր պաշտոնյաներից` օգտագործելով դա իր նվազող կորագիծը կարճ ժամանակով կանգնեցնելու ու բարձրացնելու համար: Կարճաժամկետ առումով էֆեկտիվ է, երկարաժամկետի մեջ` անպտուղ, քանի որ չկա որևէ գծով զարգացման պլան:

Դու կարող ես ամեն ինչ ունենալ, բայց չօգտագործել կամ սխալ վարվել, եթե չունես նպատակ որին պետք է ծառայի ռեսուրսդ: Օրինակ, երբ մարդը ուզում է փող աշխատել, բայց չգիտի հստակ՝ ինչի՞ համար (տարվա վերջում գնել տուն կամ փոխել մեքենան, հանգստանալ ամռանը Կարմիր ծովի ափին, ձմռանը` Նորվեգիայում` Լիլիհամերում, գնել այս կամ այն արվեստի իրը, անել հետևյալ նվերը և այլն), նա երբեք գումար չի վաստակի: Նպատակն է մոտիվացնում անձին:

Անդադար կրկնվելու եմ, որ վարչապետ Վազգեն Սարգսյանը, 1999 թ., ուներ պետության զարգացման 25-30 տարվա ծրագիր, երկիր, որին մոտենում էր տիրոջ հոգեբանությամբ ծառայելու տեսանկյունից:

Օրվա իշխանությունը` լիդերի ղեկավարությամբ, զուրկ է հեռատես հայացքից և շարժվում է առօրյա վիճակով: Օգտակարության գիտակցումը և կանխատեսելիության ունակությունն իսպառ բացակայում է գործող իշխանության մոտ: Իրավիճակը կխորանա, եթե գոնե «հաց և տեսարան» գումարած շոշափելի զարգացում չլինի:

Անվտանգության և արդարության մթնոլորտի հաստատմանը զուգահեռ պետք է բացվեն մասնագիտական փող աշխատելու և երջանիկ բարոյականության հնարավորությունները: Դրա համար է պետք անքանդ ու անդադար հույս, հավատ, սեր՝ խարսխված քրիստոնեական անկասկած ապավինության վրա: Չես կարող պետականորեն ընդունել կրոնը, բայց կյանքում ու կենցաղում մնալ հեթանոս կամ ավանդապաշտ աթեիստ, և սպասել անհատական կամ հավաքական լավ բանի:

1963 թ. օգոստոսի 28-ին Մարտին Լյութեր Քինգը Լինքոլնի մեմորիալի աստիճանավանդակից ասաց. «I have a dream»: Անգերազանցելի հռետորականությամբ ասված այս ճառն ամերիկյան քաղաքակրթության շրջադարձային գագաթնակետերից է, որը մտավ մարդկանց արյան մեջ, հոսեց դեպի միտքը և շարունակում է ապրել սրտերում: Սակայն այն կմնար պոպուլիստական, եթե խոսքի էությունը չլիներ առարկայական, իսկ կամքը` հավատավոր: Լյութեր Քինգը հավատում էր իր առաջ քաշածի ճշմարտացիությանը և դրա՝ կյանքի կոչելուն, քանի որ ինքը հոգևոր քարոզիչ էր, այսինքն` ապավինում էր Բարձրյալ այն ուժին, որի համար անհնար ոչինչ չկա: Ու ռասիզմը վերացավ Ամերիկայում, հալվեց Մարտին Լյութեր Քինգի և պրեզիդենտ Ջոն Քենեդիի առաքելությամբ:

Հայաստանում այսօր ձեռքից ազնիվների իշխանությունն է կառավարում, բայց չի ստացվում, քանի որ ոգեղենությունը վառվում էր հեղափոխություն-իշխանափոխության ժամանակ, դրանից հետո անցում եղավ ստանդատ ռեժիմին, թույլ գործելաոճին, ընդհանուր ձևակերպումներին, դասակարգերի հատվածական մտահոգությանը և այլն: Պատճառը ղեկավարի քաղաքական, կրոնական, մշակութային ներքին ու արտաքին աշխարհայացքների բացակայությունն է, թիմային անհավատությունը և միջակությունը, մտքի արտադրության չգոյությունը: Իհարկե իշխանությանը կարելի է և նույնիսկ պետք է օգնել, որովհետև հիմքերը լավն են, սակայն ինքն է փակել խողովակները և պատնեշել իրեն` աղանդի տեսք ստանալով:

Հայաստանին անհրաժեշտ է ինտելեկտուալ ու ուժեղ իշխանություն վճռական և ամբողջական պատկերացումով: Մենք պետք է հենվենք եկեղեցու ու պետականության, այս երկու ամենահզոր ինստիտուտների վրա` ապահովելով մշակութային զարգացումը` մնացածը կհոսի այս ամենից:

Հավատալով Քրիստոսին՝ ստանանք անհնարինը, քանզի ասված է. «Մարդ իրենից ոչինիչ չի կարող անել, եթե դա նրան վերևից` Աստծուց չի տրված»: - Հովհաննեսի Ավետարան 3:27

 

Ռուբեն Վարդանյան

պատմաբան