Հանրապետության փողոցում օտարերկրացու ուսապարկից գողացել են դրամապանակը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 30, 24News

Օգոստոսի 24-ին, ժամը 16-ի սահմաններում, օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում էր ստացվել, որ օտարերկրյա մի քաղաքացի րոպեներ առաջ Հանրապետության փողոցում նկատել է, որ ուսապարկից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է գումար ու բանկային քարտեր: 

Հաղորդումը ստանալուն պես ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները համապատասխան միջոցառումներ ձեռնարկեցին: Որոնողական աշխատանքներին միացան նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, որոնց պրոֆեսիոնալ գործողությունների շնորհիվ օրեր անց գողությունը բացահայտվեց: 

Օգոստոսի 29-ին, ստացված տեղեկություններն իրացնելով, քրեական հետախույզները ոստիկանության Կենտրոնական բաժին բերման ենթարկեցին Արմավիրի մարզի 30-ամյա մի բնակչի: Նա տվել է խոստովանական բացատրություն:
Հանգամանքները պարզվում են:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: