Օգոստոսի 31-ին Վիլյամ Սարոյանի ծննդյան օրն է

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 31, 24News

Հասարակություն

Այսօր, օգոստոսի 31-ին ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանի ծննդյան օրն է։ Նա ծնվել է 1908թ․ օգոստոսի 31-ին ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Ֆրեզնո քաղաքում՝ Բիթլիսից գաղթած հայ ընտանիքում։ Գրողի ձևավորման հարցում մեծ դեր է խաղացել ինքնակրթությունը, ամերիկյան ու համաշխարհային գրականության ընթերցումը, հարազատ ժողովրդի հոգևոր մշակույթի, ավանդույթների, պատմության տարրերի ժառանգումը, հայկական շրջապատի ազգային ինքնատիպությունը։

1911թ․ Արմենակ Սարոյանը մահանում է, և Վիլյամ Սարոյանը եղբոր և քույրերի հետ տեղափոխվում է որբանոց։ Երբ մայրը պետք է երեքամյա Վիլյամին թողներ որբանոցում, նա Coon Jiger անունով մի տիկնիկ է նվիրում, որը Սարոյանի հիշողության մեջ միշտ պահպանվում է։ Սարոյանը հետագայում նշել է, որ այդ տիկնիկով կարծես մայրը ցանկանում էր փարատել իր բացակայությունը։ Այդ տիկնիկի կերպարն արտացոլվել է նաև նրա ստեղծագործություններում։

Առաջին անգամ իր ստեղծագործությունը տպագրել է 1933 թվականին Բոստոնի «Հայրենիք» շաբաթաթերթում՝ Սիրակ Գորյան ստորագրությամբ։ Լայն ճանաչում է ձեռք բերել «Խիզախ պատանին թռչող ճոճաձողի վրա և այլ պատմվածքներ» Գրական կյանքի առաջին տասնամյակում Սարոյանը գրել է մի քանի հարյուր պատմվածք, որոնց մեծ մասն ամփոփվել է տասից ավելի ժողովածուներում։ 1942 թվականին Սարոյանը զորակոչվել է բանակ, աշխատել զինվորական սցենարների ստեղծման վրա։ Նա պատերազմն ընկալել է որպես աղետ, այդ թեման արտացոլել «Մարդկային կատակերգություն» վիպակում և «Վեսլի Ջեկսոնի արկածները» վեպում։ 1950-1960-ական թթ. Սարոյանը ապրել է Եվրոպայում, ապա նորից հաստատվել ԱՄՆ-ում։ Այդ տարիներին ինքնակենսագրական նյութի օգտագործումով ստեղծել է հոգեբանական վիպակների շարք։
1960-ական թթ. սկսած՝ գրել է հուշագրական ժանրի գործեր։ Հատկապես ուշագրավ են Բեռնարդ Շոուին, Չառլի Չապլինին, Թ. Ս. Էլիոթին, Եղիշե Չարենցին նվիրված էջերը, հեղինակի մտորումները գրականության կոչման վերաբերյալ։

Վիլյամ Սարոյանը մահացել է 1981 թվականի մայիսի 16-ին, Ֆրեզնոյում, աճյունի մի մասը թաղված է Երևանի Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում։