‹‹Իմ քայլը›› հիմնադրամի աջակցությամբ Դեբեդավանի միակ մանկապարտեզը վերաբացվել է

 ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 31, 24News

1

Տավուշի մարզի Դեբեդավան համայնքում 4 տարվա ընդմիջումից հետո ‹‹Իմ քայլը›› հիմնադրամի աջակցությամբ օգոստոսի 30-ին վերաբացվել է գյուղի միակ մանկապարտեզը։ Մանկապարտեզի բացման արարողությանը ներկա է գտնվել ՀՀ վարչապետի տիկին, ‹‹Իմ քայլը›› և ‹‹ City of smile/Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը, ‹‹Իմ քայլը›› հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը, Այրում խոշորացված համայնքի ղեկավար Արայիկ Պարանյանը, դեբեդավանցիներ։ Նոյեմբերյանի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Հրայր քահանա Բեջանյանի աղոթքով վերաբացված մանկապարտեզ հաճախելու է համայնքի ավելի քան 30 երեխա։  Այս մասին տեղեկանում ենք Աննա Հակոբյանի գրասենյակից:

‹‹Շատ խորհրդանշական է, որ առաջիկա ուսումնական տարվա նախաշեմին Դեբեդավանում մանկապարտեզի դռներն ենք բացում։ Մեր փոքրիկները պետք է ունենան ամենալավ պայմանները, որովհետև նրանք տաղանդավոր են․ մենք դրանում այսօր համոզվեցին։ Եվ մենք պարտավոր ենք նրանց ապահովել ամեն ինչով, որպեսզի նրանք ունենան երջանիկ մանկություն։ Մենք դա մեր պարտքն ենք համարում և օր ու գիշեր աշխատում ենք դրա համար։ Ես ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել բոլորին՝ գաղափարի հեղինակին,  հիմնադրամի բոլոր նվիրատուներին, Դեբեդավանի կանանց, ովքեր իրենց ձեռքերով նորոգել են մանկապարտեզը։ Շնորհակալություն, որ այսպիսի գեղեցիկ միջավայր եք ստեղծել։ Խոսեցիք ճանապարհների վատ լինելու մասին, ես, ինչպես տեսաք, մեկ ժամ ուշացումով տեղ հասա․ պատճառն այն է, որ Տավուշի մարզում ամեն մետրը մեկ շինարարություն էր․ ասֆալտապատում էին ճանապարհները։ Դա խոստումնալից է, դա նշանակում է, որ մի օր նաև գյուղին կհասնի ասֆալտապատումը և այդ բազմաչարչար հարցը նոր կառավարությունը կլուծի։ Ես իսկապես շատ ուրախ եմ, որ գտնվում եմ Ձեր գյուղում, Ձեր ընկերակցությամբ։ Ես երջանիկ եմ այս երեխաներին տեսնելով և կրկին ուզում եմ ասել, որ մեր պարտքն է ամեն ինչ անել մեր երեխաների համար։ Առավել ևս մայրաքաղաքից հեռու գյուղերի և նրանց բնակիչների համար, ինչպիսին դուք եք։ Դուք հերոսներ եք։ Դուք իմացեք, որ մենք Ձեր կողքին ենք։ Մանկապարտեզի վերանորոգում կլինի, թե որևէ այլ բան՝ միշտ իմացեք, որ մենք Ձեր կողքին ենք, ես Ձեր կողքին եմ››,- իր ելույթում ասաց Աննա Հակոբյանը՝ հույս հայտնելով, որ մանկապարտեզի բացումը տոն կպարգևի դեբեդավանցի փոքրիկներին։

‹‹Իմ քայլը›› հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանի գնահատմամբ դեբեդավանցի երեխաներն ապացուցեցին, որ շատ շնորհակալ և շատ կարևոր գործ է արվել։ ‹‹Մանկապարտեզի բացումը շատ կարևոր է ոչ միայն ծնողներին ազատ ժամանակ տրամադրելու առումով, որպեսզի կարողանաք աշխատել, այլ նաև մեր երեխաների զարգացման տեսանկյունից՝ միմյանց հետ շփվելու, միասին մեծանալու համար։ Սա կարևոր իրադարձություն է։ Մենք այցերի միջոցով հետևել ենք, թե ինչպիսի զարգացում է ունեցել մանկապարտեզի վերանորոգումը։ Մեկ նախադասությամբ ուզում եմ ամփոփել Ձեր կատարած աշխատանքը՝ գյուղ կանգնի՝ գերան կկոտրի։ Սա հենց այդ դեպքն է››,- ասաց Հովհաննես Ղազարյանը։

ՀՀ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանի գնահատմամբ էլ մանկապարտեզի վերանորոգումը պետության, հասարակության, համայնքի և բարեգործական կազմակերպության  հստակ համագործակցության արդյունք է։ ‹‹Տեսնում ենք, որ եթե լինում ենք միասնական մեկ բռունցք՝ ապա ամեն ինչ հնարավոր է։ Պարտադիր չէ, որ շատ փող լինի։ Պետք է լինի հաստատակամություն, կամք, նպատակասլացություն, ինչը մենք այսօր բարեբախտաբար ունենք։ Այսօր մեր կառավարությունը, մարդիկ՝ լծված ոգևորությամբ և ձգտմամբ, կարողանում են հասնել ցանկացած նպատակի››։

Դեբեդավանի մանկապարտեզը բացվել է 4 տարվա ընդմիջումից հետո։ Մանկապարտեզի վերանորոգմանն աջակցել է ‹‹Իմ քայլը›› հիմնադրամը՝ իր շուրջ միավորելով մի շարք կազմակերպությունների և դեբեդավանցիներին։ Մանկապարտեզը հիմնովին նորոգվել է, փոխվել է հատակն ու առաստաղը։ Գործընկերների աջակցությամբ վերանորոգված մանկապարտեզը կահավորվել է։