Գիտելիքի օրվան ընդառաջ Սուրեն Պապիկյանն այցելել է այն վարժարան, որտեղ 7 տարի դասավանդել է

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 31, 24News

Սուրեն

Տարածքային կառավարման և ենթակառուցվածնքերի նախարար Սուրեն Պապիկյանը գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ այցելել է Քվանտ վարժարան, որտեղ 2011-2018 թթ. դասավանդել է Հայոց և Համաշխարհային պատմություն առարկաներ: Այս մասին հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը:

Ողջույնի խոսքում նախարարը շնորհավորել է վարժարանի ուսուցչական անձնակազմին և սաներին նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ  և նշել, որ ինքը պատիվ է ունեցել դասավանդել Հայաստանի նորօրյա պատմության մեջ իր կարևոր դերակատարումն ունեցող կրթօջախում։ 

«Սիրելի՛ փոքրիկներ, քվանտական լինելը մեծագույն պատիվ է և մեծ  պարտավորություն յուրաքանչյուրիս համար։ Ես խնդրում եմ՝ մեծ պատվով և սիրով ստանձնեք այս կարևոր առաքելությունը, քանզի դուք այսօրվանից, մուտք գործելով «Քվանտ» վարժարան , մուտք եք գործում ձեր կյանքի մի կարևոր փուլ, մուտք եք գործում Հայաստանի կրթական դարբնոցներից կարևորներից մեկը։ Խնդրում եմ վերցնել, կլանել այն գիտելիքները, որ ձեզ կտան մեր սիրելի ուսուցիչները, քանզի դուք մեր երկրի ներկան եք, մեր երկրի ապագան, դուք եք մեր երկրի վաղվա տերերը»,- ասել է Սուրեն Պապիկյանը  և  շնորհակալություն հայտնել  վարժարանի տնօրինությանը՝ միջոցառմանը մասնակցելու հրավերի համար։

Միջոցառման ավարտից հետո նախարարը շրջել է առաջին դասարանցիների դասարաններով, փոքրիկների հետ խոսել օրվա տպավորությունների և մասնագիտական երազանքների մասին։ Աշակերտներին հաջող ուսումնական տարի մաղթելուց հետո նախարարը հանդիպել և զրուցել է նաև նախկին գործընկերների հետ։