«Ոչ մի բան չի կարող սասանել մեր ժողովրդի ուժը»․ Բակո Սահակյանը պարգևներ է հանձնել

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 31, 24News

ԱՀ

Օգոստոսի 31-ին Արցախի Հանրապետության Նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն՝ նվիրված ԱՀ հռչակման 28-րդ տարեդարձին: Այդ մասին հայտնում է Արցախի նախագահի աշխատակազմը։

Նախագահը պետական բարձր պարգևներ է հանձնել Պաշտպանության բանակի մի խումբ զինծառայողների, ազատամարտիկների, պետական և հասարակական գործիչների, բարերարների, տնտեսության, առողջապահության, կրթության և մշակույթի ոլորտների ներկայացուցիչների:

Պաշտպանության կազմակերպման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար լեգենդար հրամանատարներ Լեոնիդ Ազգալդյանին և Վլադիմիր Բալայանին հետմահու շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում:

Իր ելույթում երկրի ղեկավարը նշել է՝ արդեն 28 տարի է, ինչ մայր Հայաստանի և սփյուռքի քույրերի ու եղբայրների հետ միասին կառուցվում է ազատ, ինքնիշխան և ժողովրդավարական պետություն:

«Այս տարիների ընթացքում մեր ժողովրդին հաջողվել է ստեղծել մարտունակ բանակ, ժողովրդավարական բոլոր ինստիտուտները, դինամիկ զարգացող տնտեսություն»,- ընդգծել է հանրապետության Նախագահը:

Բակո Սահակյանը վստահություն է հայտնել, որ մեր ժողովուրդն այսուհետ ևս համատեղ ուժերով կլուծի իր առջեւ ծառացած բոլոր խնդիրները, ինչպիսինն էլ դրանք լինեն:

«Վստահ եմ, որովհետև գիտեմ, որ ոչ մի բան չի կարող սասանել մեր ժողովրդի ուժն ու հաստատակամությունը, շեղել նրան իր ընտրած ճանապարհից»,- շեշտել է Նախագահը:

Միջոցառմանը ներկա էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք: