«Սանիթեքը» չորրորդ օրն է, ինչ հրաժարվում է հավաքել աղբը Երևանում. քաղաքապետարան

ԵՐԵՒՎԱՆ, ՍԵՊՏԵՅՄԲԵՐԻ 1, 24News

Sanitek

«Սանիթեք» ընկերությունն արդեն չորրորդ օրն է՝ առանց պատճառների մասին Երևանի քաղաքապետարանին գրավոր ծանուցելու, հրաժարվում է կատարել աղբահանության իր պարտականությունը Երևանի ամբողջ տարածքում: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 1-ին, հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ 

«Ընկերությունը, որը վերջին մի քանի ամիսների ընթացքում արդեն ի ցույց էր դրել իր պարտավորությունների կատարման անկարողությունը, վերջին օրերին համատարած կերպով, միայն իրեն հայտնի հանգամանքներով պայմանավորված, ամբողջությամբ ձախողում է աղբահանության գործընթացը։ 
Գործող օրենսդրությամբ և «Սանիթեքի» հետ կնքված պայմանագրերով քաղաքապետարանի ուղղակի պարտականությունն է՝ «Սանիթեքի» նկատմամբ պատժամիջոցների կիրառել պայմանագրային պարտավորությունների չկատարման համար, և քաղաքապետարանի կիրառած յուրաքանչյուր տուգանք հիմնված է փաստարկված և արձանագրված դեպքերի վրա: 
Չկատարված, վատ կատարված աշխատանքի, չմատուցված, թերի մատուցված ծառայության համար Երևանի քաղաքապետարանի հետ պայմանագրային հարաբերությունների մեջ գտնվող ցանկացած տնտեսվարողի համար օրենսդրությամբ նախատեսված են անբարենպաստ իրավական հետևանքներ, այդ թվում՝ տուգանքների կիրառում, և այս առումով «Սանիթեքը» վստահաբար բացառություն չէ:  
Անցած ամիսների ընթացքում քաղաքը աղբահանության կոլափսից կարողացել է խուսափել միայն «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի 24-ժամյա աշխատանքի շնորհիվ, որի տեխնիկական ռեսուրսները և աշխատակազմը շարունակաբար համալրվում են: Այս պահին համայնքային հիմնարկը իր կարողությունների չափով կատարում է ամբողջ քաղաքի աղբահանությունը: 
Երևանի քաղաքապետարանը ձեռնարկում է բոլոր հնարավոր միջոցները, մայրաքաղաքում աղբահանության խնդիրը արմատապես լուծելու համար՝ ի շահ Երևան քաղաքի և նրա բնակիչների, որոնք արդեն տևական ժամանակ է, տառապում են աղբահանության այս անընդունելի վիճակից:
«Սանիթեքի»՝ պայմանագրերով նախատեսված աշխատանքից հրաժարվելու վարքագիծը գնահատում ենք որպես պայմանագրային պարտավորությունների խախտման հերթական՝ ծայրահեղ դրսևորում, որը, անշուշտ, իր իրավական հետևանքները կունենա», - նշված է քաղաքապետարանի հայտարարության մեջ։ 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news