Բաքուն բարենպաստ պայմաններ չի ապահովում, որպեսզի հնարավոր լինի բանակցություններ վարել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2, 24News

Նիկոլ Փ­աշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Երևան այցելած իրանական առաջատար լրատվամիջոցների՝ մասնավորապես Իրանի պետական հեռուստառադիոընկերության (IRIB), «Press TV» հեռուստաալիքի, Իրանի պետական «IRNA» լրատվական գործակալության, «Etemad» և «Donya-e Eghtesad» օրաթերթերի լրագրողներին:

Նիկոլ Փ­աշինյան

Հարցազրույցի ընթացքում երկրի ղեկավարը գնահատել է հայ-իրանական հարաբերությունների ներկա մակարդակը՝ նշելով, որ վերջին մեկ տարվա ընթացքում Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ ունեցած հեռախոսազրույցների և հանդիպումների ընթացքում երկուստեք հետաքրքրություն ներկայացնող օրակարգային հարցերի շուրջ արդյունավետ քննարկումներ է ունեցել:

Վարչապետը, անդրադառնալով ընթացիկ ծրագրերին, նշել է, որ որոշակի դանդաղումից հետո այժմ արագ տեմպերով շարունակվում է Իրան-Հայաստան երրորդ էլեկտրահաղորդման գծի կառուցումը, ընդգծելով նաև «գազ-էլեկտրաէներգիայի դիմաց» ձևաչափով արդյունավետ փոխգործակցությունը:

Նիկոլ Փ­աշինյան

 «Կան մի շարք նախագծեր, որոնք մենք ակտիվորեն քննարկում ենք Իրանի մեր գործընկերների հետ և հույս ունենք, որ այդ ծրագրերի շուրջ մեզ կհաջողվի գալ ընդհանուր համաձայնության»,-անդրադառնալով հեռանկարային ծրագրերին, նշել է վարչապետն ու հավելել, որ երկու երկրները հատկապես մեծ հնարավորություն ունեն ԵԱՏՄ-ի շրջանակներում նշանակալի տնտեսական արդյունքներ ապահովել՝ ընդգծելով, որ հոկտեմբերին Երևանում կայանալիք Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Հայաստան այցելելու հրավերք է ուղարկել նաև Իրանի նախագահին:

Հարցազրույցի մյուս հատվածում վարչապետ Փաշինյանն իրանցի լրագրողներին է ներկայացրել Արցախյան հակամարտության վերաբերյալ պաշտոնական Երևանի դիրքորոշումը, անդրադարձ կատարել՝ անվտանգության հարցերին, այդ համատեքստում ներկայացնելով Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների հեռանկարի վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը:

Անդրադառնալով Արցախյան հակամարտության լուծմանն ուղղված գործընթացներին՝ վարչապետ Փաշինյանը ներկայացրել է հակամարտության վերջնական լուծման պաշտոնական Երևանի բանաձևը, ըստ որի՝ «Արցախյան հակամարտության շուրջ ձեռք բերված ցանկացած համաձայնություն պետք է ընդունելի լինի և՛ Հայաստանի, և՛ Արցախի և՛ Ադրբեջանի համար»: Այդ համատեքստում Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Բաքվի գործողությունները դեռևս բարենպաստ պայմաններ չեն ապահովում, որպեսզի հնարավոր լինի բանակցություններ վարել հիմնախնդրի վերջանական կարգավորման ուղիների շուրջ:

Հայաստանի վարչապետը, անդրադառնալով Թուրքիայի հետ հարաբերությունների հեռանկարին, նշել է, որ Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել առանց նախապայմանների՝ միևնույն ժամանակ ընդգծելով, որ դա չի նշանակում, որ Հայաստանը հրաժարվում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված իր քաղաքականությունից: Վարչապետը միևնույն ժամանակ ընդգծել է, որ Հայոց ցեղասպանության հարցը միայն չի առնչվում հայ-թուրքական հարաբերություններին, Հայաստանն այդ հարցը դիտարկում է նաև միջազգային անվտանգության տեսանկյունից:   

Հայաստանի ղեկավարը, անդրադառնալով հայ-իրանական մշակութային կապերին՝ նշել է, որ այլ ժողովուրդների մշակութային-կրոնական հուշարձանների պահպանությունը գտնվում է Հայաստանի կառավարության ուշադրության կենտրոնում՝ միևնույն ժամանակ նաև գոհունակություն հայտնելով Իրանի կառավարության՝ հայկական մշակութային արժեքները պահպանելուն ուղղված քայլերի առնչությամբ:

Նշենք, որ իրանցի լրագրողների այցը Երևան տեղի է ունեցել ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի նախաձեռնությամբ: