Մեր ազգային օրակարգի հիմնական հարցը «միացումն» ավարտին հասցնելն է․ «Սասնա Ծռեր»

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2, 24News

Սասնա

«Սասնա ծռեր» արցախյան կուսակցությունը Արցախի անկախության 28-րդ տարելիցի առիթով ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել: Հայտարարությունը՝ ստորև․

«Արդեն 28-րդ անգամ ստիպված ենք տեսնել եւ լսել տարեցտարի ոչ միայն ավելի ժամանակավրեպ, այլեւ վտանգավոր դարձող կեղծ անկախությանը նվիրված խոսքերն ու գործողությունները։ Նման ինքնաոչնչացնող ինքնախաբեությունն այլեւս չի կարելի հանդուրժել։ Անընդունելի է, որ այսօր, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում «Միացում»-ը պետական օրակարգ վերադարձնելու հայտարարությունից մեկ ամիս չանցած՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան երկիմաստ գրառումով փաստացի շնորհավորում է Արցախի կեղծ անկախությունը, իսկ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Ստեփանակերտում մասնակցում է կեղծ անկախությանը նվիրված միջոցառումներին։

«Միացում»-ը ՀՀ-ի հիմնական ռազմավարական հարցն է։ Դրա նկատմամբ վերաբերմունքով է որոշվում իշխանության ազգային կամ ապազգային լինելը։ Կողմնորոշվելու եւ ժողովրդի հետ անկեղծ լինելու ժամանակն է. կամ Միացում, կամ՝ հավատարմություն օտարի պարտադրած կեղծ անկախությանը։ Իրենց ազգային համարող բոլոր քաղաքական եւ հասարակական ուժերին, բոլոր հանրային գործիչներին եւ համայն հայությանն ու ՀՀ բոլոր քաղաքացիներին կոչ ենք անում հետ կանգնել մեր տունը կիսելու, Արցախի կեղծ անկախության գաղափարը կամա թե ակամա քարոզելու ինքնաոչնչացնող սովորույթից։ Մեր ազգային օրակարգի հիմնական հարցը «Միացում»-ն ավարտին հասցնելն է։

Արցախը ՀՀ մի մասն է եւ վե՛րջ»: