Տնտեսագիտական համալսարանում դասադուլ չկա, ուսումնական տարին մեկնարկել է․ հայտարարություն

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2, 24News

1

Տնտեսագիտական համալսարանում դասադուլ չկա, ուսումնական գործընթացը բնականոն հունի մեջ է: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՊՏՀ լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը:

Հայտարարությունը՝ ստորև.

«Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում այսօր տրվեց նոր ուսումնական տարվա մեկնարկը:  ՀՊՏՀ բակում հավաքված ուսանողների, նրանց ծնողների կողքին էին ՀՊՏՀ ղեկավար կազմը, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, աշխատակցիներ: Ուսանողական խորհրդի ներկայացուցիչները ողջունեցին ուսանողներին, առաջին կուրսեցիներին եւ ուղեկցեցին լսարաններ:

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում ուսումնական գործընթացը բնականոն հունի մեջ է, լսարաններում ընթանում է դասապրոցեսը:

ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը շրջեց համալսարանում, շնորհավորեց առաջին կուրսեցիներին նոր ուսումնական տարվա առթիվ: «Բարի գալուստ Տնտեսագիտական համալսարան, շնորհավորում եմ ձեզ եւ ցանկանում եմ վստահեցնել, որ մեր գլխավոր նպատակը՝ որակյալ կրթության ապահովումը, չի կարող խոչընդոտվել մեր կյանքում տեղի ունեցող իրադարձություններով: Տնտեսագիտական համալսարանը որակյալ կրթության ապահովման համար կներդնի իր ողջ ներուժը: Մեր համալսարանում սկսվել է որակյալ մասնագետների ներգրավման գործընթաց եւ ձեզ կդասավանդեն ոչ միայն տեսական, այլեւ գործնական ոլորտի լավագույն մասնագետները: Մեզ մոտ տրվել է նաեւ Ուսանողական գիտական ընկերության նոր ձեւաչափով աշխատանքների մեկնարկը, ինչը միտված է ձեր հետազոտական կարողությունների եւ հմտությունների բացահայտմանն ու զարգացմանը»,- առաջին կուրսեցիներին ուղղված խոսքում նշեց Դիանա Գալոյանը»: