«Վիտալի Բալասանյանը 5-րդ շարասյան խոսափողի վերածված դավաճան է»․ Ժիրայր Սեֆիլյան

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2, 24News

Ժիրայր

«Սասնա Ծռեր» արցախյան կուսակցության քարտուղարությունը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով մասնավորապես Վիտալի Բալասանյանին ու նրա գործունեությանը։

«Վիտալի Բալասանյանը 5-րդ շարասյան խոսափողի վերածված դավաճան է

ՀՀ-ում գործող իշխանության թուլության և թողտվության հետևանքով ձևավորված 5-րդ շարասյունը հետզհետե էլ ավելի է լկտիանում։

Դրա ստեփանակերտյան մասնաճյուղի առավել օդիոզ ներկայացուցիչներից Վիտալի Բալասանյանը ստանձնել է հայության և ՀՀ-ի (Արցախը ներառյալ) դեմ հայտարարված հիբրիդային պատերազմում ամենասուր և սադրիչ հայտարարություններով իրավիճակն ապակայունացնող ավանգարդի դավաճանական դերը։

Ինչպես նախկինում, բայց արդեն շատ ավելի սուր և կտրուկ տոնայնությամբ ու բառապաշարով, վերջինս փորձում է Արցախում ներկայումս անցկացվող ՏԻՄ և գարնանը նախատեսված նախագահական ու խորհրդարանական ընտրությունների գործընթացը մեկուսացնել Երևանի աջակցությունից ու մասնակցությունից՝ այդ նպատակով փաստացի օգտագործելով ոչ միայն Արցախը որպես ՀՀ-ից միանգամայն անկախ ներկայացնող, այլև ՀՀ-ին հակադրող հռետորաբանություն։

Բնավ պատահական չէ, որ Վիտալի Բալասանյանը խառնում է աշխարհի կողմերը և Բաքվի ուղղությամբ հոխորտալու փոխարեն թիրախավորում է հակառակ կողմում գտնվող Երևանին։

ՀՀ-ի (Արցախը ներառյալ) դեմ 5-րդ շարասյան և նրա կրեմլյան տերերի խոստացած այսպես կոչված թեժ աշնան՝ դեռևս ամբողջությամբ չբացահայտված, բայց ընդհանուր առմամբ ենթադրելի ազգադավ պլանին համապատասխան բոլոր հնարավոր տարբերակներով ակտիվացող հակաքարոզչության նոր ալիքի վրա Վիտալի Բալասանյանի սադրիչ հայտարարությունները կոչված են մոբիլիզացնելու դավաճաններին և պառակտելու մեր մոլորված հայրենակիցներին։

Արցախում առկա իրավիճակին քիչ ծանոթ կամ անծանոթ մեր հայրենակիցներին կոչ ենք անում անտեսել նման սադրիչ ու պառակտիչ հայտարարությունները։ Վիտալի Բալասանյանի նմանները մերժված են Արցախում և երևանյան նախորդ հանցավոր ռեժիմի ներկայացուցիչների հետևից շուտով հայտնվելու են պատմության աղբանոցում, ինչպես նաև ամենախիստ կերպով պատասխանատվության են ենթարկվելու իրենց կատարած դավաճանության և ոճրագործությունների համար։

ՀՀ իշխանություններին կոչ ենք անում արդյունավետ միջոցներ ձեռնարկել ավարտական փուլին մոտեցող ռևանշը կանխելու և, մասնավորապես՝ Վիտալի Բալասանյանի նմաններին չեզոքացնելու ուղղությամբ։

Իրադարձությունների զարգացման միտումները հուշում են, որ թե՛ Երևանում և թե՛ Ստեփանակերտում հնարավոր են ռևանշի փորձեր և ցնցումներ։ Ուստի, նկատի ունենալով նաև մինչ օրս ՀՀ իշխանությունների ցուցաբերած պարտվողական վարքագիծը, բոլոր ազգային ուժերը պարտավոր են հույսը իրենց վրա դնելով համախմբվել ռևանշը չեզոքացնելու և Միացյալ Հայաստանը անշրջելի դարձնելու համար։

Մե՛նք ենք տերը մեր երկրի»։