Իրարանցում՝ Արսեն Թորոսյանի ասուլիսին․ պատճառը նախկին խորհրդատուն է

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3, 24News

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մամուլի ասուլիսի ժամանակ ուշագրավ միջադեպ է եղել։ Ուռուցքաբան, արյունաբան, «Ժպիտների քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Գևորգ Թամամյանը, որը օրերս հրաժարականի դիմում էր ներկայացրել նախարարի խորհրդականի պաշտոնից, հանկարծակի մտել է ասուլիսի սրահ՝ ցանկություն հայտնելով հարցեր ուղղել նախարար Թորոսյանին։

Անակնկալի եկած Արսեն Թորոսյանը՝ ընդհատել է ասուլիսը, տեղից վեր կացել, մի քանի րոպե զրույցել լրագրողների հետ, ապա հեռացել սրահից՝ տեղը զիջելով Գևորգ Թամամյանին:

«Ես՝ որպես ՀՀ քաղաքացի և բժիշկ, ամեն օր շփվում եմ հիվանդների հետ, ունեմ հարցեր նախարարին, բայց այդպես էլ չկարողացա, նախարարը թողեց և հեռացավ ու անկյունում հարցազրույց տվեց: Դա հարիր չի նախարարին, որ կամերաների դիմաց առյուծ է կտրում»,-լրագրողներին ասել է նախարարի նախկին խորհրդականը:

Ավելի վաղ նշել էինք, որ օրերս Գևորգ Թամամյանն առողջապահության նախարարի խորհրդականի պաշտոնից ազատման դիմում էր գրել՝ Արսեն Թորոսյանին մեղադրելով պոպուլիզմի ու առողջապահության ոլորտը ձախողելու համար: