Ոստիկանները Ալագյազ համայնքում կատարված ապօրինություններ են բացահայտել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3, 24News

Իրավական

Օրերս ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն ԱԱԾ-ից օպերատիվ տեղեկություններ էին փոխանցվել Արագածոտնի մարզի Ալագյազ խոշորացված համայնքի Կանիաշիր վարչական շրջանի պաշտոնատար անձանց ապօրինությունների վերաբերյալ։

Տեղեկությունների հիման վրա գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության և Արագածոտնի մարզային վարչության Արագածի բաժնի ծառայողները համատեղ ձեռնարկեցին հետախուզական միջոցառումներ՝ պարզելով հետևյալը։ Ըստ այս պահին քննությանը հայտնի տվյալների՝ Կանիաշիր վարչական շրջանի պաշտոնատար անձինք Ծաղկահովիտ գյուղի մի բնակչի հետ աղբահանության և խմելու ջրի ներքին ցանցի հիմնանորոգման աշխատանքներ կատարելու վերաբերյալ պայմանագրեր են կնքել։ Այդ աշխատանքները չեն կատարվել, սակայն նախկին պաշտոնատար անձինք համայնքի բյուջջեից գումար են փոխանցել՝ համայնքին պատճառելով խոշոր չափերի նյութական վնաս։

Դեպքի առթիվ ոստիկանության Արագածի բաժնում հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է քննչական կոմիտե՝ հետագա քննության։ 

Հանգամանքները պարզվում են։