Առեղծվածային դեպք․ արոտավայրում 2 դի են գտել գլխի ջնջխված վերքով և հրազենային վիրավորումով

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4, 24News

դի

Սեպտեմբերի 3-ին ողբերգական ու առեղծվածային դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 17:00-ի սահմանում ոստիկանության Սյունիքի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ Տորունիք գյուղի դիմացի այգիներում հրազենից մահացած վիճակում դիեր կան: Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը։

Ոստիկաններն ու քննինչները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 15:30-ի սահմանում, Տորունիք գյուղի բնակիչ, 27-ամյա Սամսոն Ղ.-ն իրենց գյուղից դեպի Դաստակերտ տանող ավտոճանապարհի ձախակողմյան հատվածից 1.5 կմ հեռավորությամբ գտնվող արոտավայրում հայտնաբերել է գլխի գագաթային շրջանի ջնջխված վերքով իր հոր՝ 51-ամյա Սամվել Ղ.-ի դին, ում պարանոցի ծոծրակային հատվածում առկա է եղել 30-20 սմ չափերի արնանման հետքերով քար:

Աղբյուրը նաև հայտնում է, որ հոր դիակից 1 մետր հեռավորության վրա Սամսոն Ղ.-ն հայտնաբերել է համագյուղացի, 27-ամյա Նելսոն Ա.-ի դին՝ կզակի շրջանի հրազենային վնասվածքով:

Դեպքի վայր ժամանած ոստիկաններն ու քննիչները Նելսոն Ա.-ի դիակի կողքին հայտնաբերել են 16 մմ տրամաչափի ողորկափող որսորդական հրացան:

Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում հարուցվել է քրգործ՝ ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:

Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաոքննություններ, այդ թվում՝ դիերի դատաբժշկական, ինչպես նաև դատաձգաբանական, դատակենսաբանական, դատաքիմիական և դատահետքաբանական: