«Ոչ ոք իրավունք չունի քիթը խոթել իմ տոհմածառի տիրույթ». Վահան Արծրունին՝ Արսեն Թորոսյանին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4, 24News

Հասարակություն

Հրաշալի կլիներ, որ Երեւանի պետական բժշկական համալսարանի 100-ամյակի միջոցառումների մեկնարկը չպղծվեր մի զեղումով, որը ի հայտ եկավ տեսաուղերձի տեսքով եւ որի հեղինակը առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում նշել է Երեւանի պետական բժշկական  համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահան Արծրունին՝ հավելելով, որ առկա խնդիրները կապված են առողջապահության նախարարությունում եղած խնդիրների հետ ու ընթացակարգային կարգավիճակ ունեն:

«Ինձ համար առաջին հերթին հետաքրքիր էր, թե արդյոք պարզաբանում կստանա այն պնդումը նախարարի, որ ցիանիդն այնքան էլ վտանգավոր չի բնակչության համար: Ցավոք իր տեսաուղերձում դա չարծարծվեց, ինչն ինձ զարմացրեց, նաեւ օրինաչափ թվաց, որովհետեւ նախարարի ուշադրության կենտրոնում հարցերի այլ փունջ էր՝ կապված իր վերջին գործողությունների հետ:

Ամեն ինչ նորմալ կլիներ, եթե ի հայտ չգար իմ անձի թեման: Այստեղ կա երկու ասպեկտ. Առաջինը պայմանավորված է նրանով, որ ես նախագահում եմ բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհուրդը: Հերթական անգամ փորձ արվեց թերըմբռնում առաջացնել, արհեստական խեղաթյուրում մտցնել այդ հարցում: Սա հստակ ձեւակերպված տենդենց է, որը համարյա մեկ տարի է առկա է: Այն սկսվեց այն պահից, երբ հոգաբարձուների խորհուրդը մտավ նախընտրական շրջանի մեջ»,-ասա Արծրունին:

Նա հիշեցրեց, որ հոգաբարձուների խորհրդում ընդգրկվել է ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի առաջարկով. «Երկրորդ փուլը պայմանավորված էր այն հանգամանքով, որ խորհուրդը պետք է ընտրեն նախագահ: Այդ ժամանակ սկսվեցին սպեկուլյատիվ, անհեթեթ պնդումներ, կոչեր մամուլում, որոնք նշմարեցին որոշակի միտում: Այսինքն այդ բոլոր միջոցառումները միտված էին շեղելու հանրային ուշադրությունն այն հանգամանքից, որ Վահան Արծրունին հանդես է գալիս նախ որպես հանրային ներկայացուցիչ: Նաեւ փորձեցին շեղել այն հանգամանքին, որը պայմանավորված է իմ արյունակցական կապով բժշկապետ Վահան Արծրունու հետ:

Որերորդ անգամ արծարծելով այս խնդիրը եւ փորձը ներկայացնելու այլ երանգով, պարզապես վիրավորում է նախ կառավարության նախաձեռնությունը: Նախարարն իր տեսաուղերձում նշում է, որ խնդիր է դրվել վերափոխելու հոգաբարձուների խորհրդի կազմը, այսինքն ես ընտվեցի վերափոխված խորհրդի կողմից, ընտրվեցի ազատ քվեարկությամբ: Հարցականի տակ դնել այդ հանգամանքը, նշանակում է անարգել պետության կողմից առաջարկվող մեխանիզմը, անարգել այն մասնագետներին, որոնք ընդգրկված են հանրային խորհրդի կազմում»,-ասաց նա:

Արծրունին ընդգծեց, որ բացի դրանից փորձ է արվում ուղղակի վիրավորել Վահան Արծրունի անձին՝ հարցականի տակ դնելով նրա արյունակցական կապը բժշկապետ Վահան Արծրունու հետ: «Երկրագնդի վրա կան մի քանի հոգի, որոնց կարող եմ պատմել իմ տոհմածառը եւ դրանք իմ զավակներն են: Որեւէ մեկը, լինի պարզ քաղաքացի, թե բարձրագույն պետական պաշտոնյա, իրավունք չունի քիթը խոթել այդ տիրույթ, էլ չեմ ասում՝ հարցականներ առաջացնել հանրային մակարդակով»: