29-ամյա տղամարդը հոսանքահարվել և մահացել է ենթակայանի ապամոնտաժման ժամանակ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4, 24News

Հասարակություն

ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում քննված քրեական գործով պարզվել են Մեծ Մասրիկ գյուղի՝ 1989թ. ծնված բնակչի՝ էլեկտրահարվելու հետևանքով մահանալու դեպքի հանգամանքները: Երեք անձի մեղադրանք է առաջադրվել՝ աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու համար:

Մինչդատական վարույթում իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ:

Մասնավորապես՝ «Գեղարքունիքի» ՋՕԸ-ի Վարդենիսի տեղամասի պետը 2018 թվականի հոկտեմբերի 22-ին Մեծ Մասրիկ գյուղի վարչական տարածքում գտնվող տրանսֆորմատորային ենթակայանների տրանսֆորմատորները ապամոնտաժելու բանավոր հանձնարարություն է տվել տեղամասի ենթատարածքի մասնագետին, իսկ վերջինս էլ իր հերթին պայմանավորվել է նույն տեղամասի աշխատակիցների հետ և խնդրել Մեծ Մասրիկ գյուղի բնակիչ, 1989թ. ծնված Գոռ Մոմչյանին, որպեսզի միմյանց օգնելով ապամոնտաժեն ենթակայանները:

Դեպքի օրը՝ ժամը 09:30-ի սահմաններում, ՋՕԸ-ի Վարդենիսի տեղամասի ենթատարածքի մասնագետը ընկերության երկու աշխատակիցների և Մեծ Մասրիկ գյուղի բնակչի հետ միասին գնացել է Մեծ Մասրիկ գյուղի վարչական տարածքում գտնվող թիվ 67.62 ենթակայանի տարածք:

Նկատելով, որ ենթակայանի հոսանքը սնուցող հենասյան հոսանքի անջատման և միացման բացիչի երկաթյա բռնակը կոտրված է, մոտենալով ենթակայանի տրանսֆորմատորին, չլսելով տրաանսֆորմատորի աշխատանքի (հոսանքի մատակարարման) ձայնը, մտածելով, որ նշված ենթակայանը հոսանքազրկված է և կարևորություն չտալով վերոնշյալ բացիչի միացված լինելու հանգամանքին, կատարել են ապամոնտաժման աշխատանքներ, որի ժամանակ էլ Գոռ Մոմչյանը դիպել է ենթակայանի վերնամասում գտնվող հոսանքի մուտքի բաց և լարման տակ գտնվող հաղորդալարերին, ինչի արդյունքում հոսանքահարվել և մահացել է: 

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ «Գեղարքունիքի» ՋՕԸ-ի Վարդենիսի տեղամասի պետին, նույն տեղամասի էներգետիկին և ենթատարածքի մասնագետին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: