Որոշումն իր հանրային հնչեղությամբ շատ կարևոր է պետության համար․ ԱՀ նախկին ՄԻՊ-ը ՍԴ-ում է

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4, 24News

1

ՍԴ–ից հայտնել են, որ այսօր կհրապարակվի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու հիմքերի սահմանադրականության գործով որոշումը։ Սահմանադրական դատարանի բակում է Արցախի նախկին մարդու իրավունքների պաշտպան, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

Ռուբեն Մելիքյանը հայտնեց, որ եկել է Սահմանադրությանն ու Սահմանադրական դատարանին աջակցություն հայտնելու նպատակով.

«Հաշվի առնելով գործի հանրային հնչեղությունը, տարբեր լուրերը, արտահոսքերը՝ պայմանավորված ՍԴ-ի դատավորների նկատմամբ ճնշումների հետ, տարբեր ոչ ընդունելի վարքագծի հետ, կարծում եմ՝ մեր սահմանադրությունը, իրավունքը հարգող մարդկանց ստիպում են որեւէ կերպ աջակցություն հայտնել Սահմանադրությանն ու Սահմանադրական դատարանին։ Անկախ նրանից, թե ինչ որոշում կկայացվի, ես ցանկություն եմ ունեցել  ներկա գտնվել  որոշման հրապարակմանը։ Ես չեմ ուզում ասել՝ ինչ–որ կոնկրետ որոշում եմ ակնկալում,  կամ ինչ–որ կոնկրետ որոշում չեմ ակնկալում։

Ես կարծում եմ, որ այս որոշումը իր հանրային հնչեղությամբ, իր նշանակությամբ անչափ կարեւոր է մեր պետության համար՝ որպես հերթական հանգրվան։ Սահմանադրական կարգի տապալման, դատավորների նկատմամբ ճնշումների շեմն ու վտանգը պետք է հաղթարահարվի եւ մենք՝ որպես հասարակություն, պետք է ցույց տանք հասունության  ավելի բարձր աստիճան»,- ասել է նա։