ՀՀ սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 0.6%

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4, 24News

Տնտեսական

Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2019թ. օգոստոսը 2018թ. օգոստոսի նկատմամբ) կազմել է 0.6%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ արձանագրվել է 0.4% գնանկում: 24News-ն այս մասին տեղեկացավ Ազգային վիճակագրական ծառայության այսօրվա հրապարակած ցուցանիշներից։

Ըստ այդմ, հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2019թ. օգոստոսին հուլիսի համեմատ սպառողական գները նվազել են 0.6-0.3%-ով, այդ թվում, գնանկման ամենաբարձր ցուցանիշներն արձանագրվել են Գյումրի, Վանաձոր և Գավառ քաղաքներում: Մայրաքաղաքում սպառողական գների մակարդակը նվազել է 0.4%-ով:

2019թ. օգոստոսին հուլիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 1.2% գնանկում, ինչի վրա իր անմիջական ազդեցությունն է թողել բանջարեղենի և մրգի՝ համապատասխանաբար 8.7% և 2.7% գնանկումը։

Վերը նշված ապրանքախմբերը սպառողական զամբյուղում ունենալով 9.08% տեսակարար կշիռ, նշված ժամանակահատվածում նպաստել են սպառողական գների ընդհանուր մակարդակի նվազմանը 0.6 տոկոսային կետով:

Կաթնամթերք, պանիր և ձու ապրանքախմբում 2019թ. օգոստոսին 2018թ. օգոստոսի համեմատ արձանագրվել է 3.2% գնաճ, իսկ 2019թ. հուլիսի համեմատ՝ 0.8% գնանկում: Ձվի գինը 2019թ. օգոստոսին նախորդ տարվա օգոստոսի համեմատ աճել է 28.0%-ով, իսկ 2019թ. հուլիսի համեմատ գրանցվել է 2.4% գնանկում:

Յուղեր և ճարպեր ապրանքախմբում 2019թ. օգոստոսին 2018թ. օգոստոսի համեմատ արձանագրվել է 5.0%, իսկ 2019թ. հուլիսի համեմատ՝ 0.7% գնանկում:

2019թ. օգոստոսին հուլիսի համեմատ ոչ ալկոհոլային խմիչքի գները նվազել են 0.1%-ով, իսկ հացաբուլկեղենի և ձավարեղենի, սուրճի, թեյի, կակաոյի ապրանքախմբերում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:

Մսամթերքի ապրանքախմբում 2019թ. օգոստոսին 2018թ. օգոստոսի համեմատ գրանցվել է 1.0%, իսկ 2019թ. հուլիսի համեմատ՝ 0.3% գնաճ: Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2019թ. օգոստոսին հուլիսի համեմատ մսամթերքի գներն աճել են 0.1-1.3%-ով, այդ թվում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Եղեգնաձորում:

Ձկան և ծովամթերքի ապրանքախմբում 2019թ. օգոստոսին 2018թ. օգոստոսի համեմատ գրանցվել է 1.7% գնանկում, իսկ 2019թ. հուլիսի համեմատ՝ 0.3% գնաճ:

2019թ. օգոստոսին հուլիսի համեմատ հանրապետությունում գրանցվել է շաքարի և շաքարավազի՝ 0.1%, ալկոհոլային խմիչքի՝ 0.4% և ծխախոտային արտադրատեսակների 0.8% գնաճ:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news