Թորոսյանը բարձր գնահատական էր տվել Ուռուցքաբանականին, հիմա տնօրենը պաշտոնանկ է արվում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4, 24News

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը 24News-ի հետ զրույցում այն մտահոգությունը հայտնեց, որ ամիսներ առաջ Առողջապահության նախարարը բարձր գնահատանքի է արժանացրել Ուռուցքաբանության ինստիտուտի ղեկավարին և նրա անձնակազմին, իսկ օրերս հեռացրել զբաղեցրած պաշտոնից։ 

«Նախարարության տված գնահատականը՝ Ուռուցքաբանականում առաջընթաց կա, բավական լավ վիճակ է, տրամաբանական շարունակությունը չէ այն ամենի, ինչ կատարվում է այս օրերին։ Ինչքան լուրերից տեղեկացել եմ, ամիսներ շարունակ ուսումնասիրություններ են անցկացվել Ուռուցքաբանականում, և որևէ չարաշահում չի հայտնաբերվել։ Պետք է հասկանալ՝ ինչ է կատարվել։ Այս առիթով բոլոր շահագրգիռ կողմերի հետ ԱԺ-ում քննարկում կկազմակերպվի»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը պաշտոնից ազատել է Ուռուցքաբանության կենտրոնի ղեկավար Արմեն Տանանյանին։ Իսկ նախարարի ուռուցքաբանության գծով պատասխանատու Գևորգ Թամամյանը սեպտեմբերի 3-ին նախարարի կողմից հրավիրված մամուլի ասուլիսը տապալել էր՝ Տանանյանի վերաբերյալ նախարարին մի քանի հարց ուղղելուց հետո։
Նարեկ Զեյնալյանը միաժամանակ նկատեց, որ ուռուցքաբանությունն այն ոլորտն է, որտեղից քաղաքացիների բողոքներն օբյեկտիվորեն շատ են լինում՝ բարձր մահաբերության պատճառով։ Բայց իրեն առավել մտահոգում է նախարարի նախկին խորհրդատու Գևորգ Թամամյանի բարձրացրած հարցերը։

«Արսեն Թորոսյանը թեև պարզաբանումներ տվել է, բայց որոշ հարցեր այստեղ պետք է քննարկվի»,-ասաց նա։

Դիտարկմանը՝ հնարավոր է նախարարի հրաժարականի պահանջ դրվի, Նարեկ Զեյնալյանը պատասխանեց, որ ամեն իրավիճակում նման պահանջ չի կարող դրվել։