ԵՄ-ն աջակցում է ՀՀ-ին՝ ԵՄ-ում անկանոն կարգավիճակում գտնվող քաղաքացիների վերադարձի հարցում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4, 24News

1

ՀՀ կառավարությունը կքննարկի Հայաստանի և Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջև «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև՝ առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիա) մասին» համաձայնագրի կիրարկող արձանագրության ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին հարցը: Այն կքննարկվի գործադիրի սեպտեմբերի 5-ի նիստում:

Ըստ հիմնավորման՝ արձանագրության նախագծով կարգավորվելու  են համաձայնագրի  20-րդ հոդվածում նշված հարցերը, որոնք վերաբերում են իրավասու մարմինների նշանակմանը, սահմանային անցակետերին և կոնտակտային անձանց վերաբերյալ տեղեկությունների փոխանակմանը, ուղեկցությամբ վերադարձի պայմաններին` ներառյալ երրորդ երկրի քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց ուղեկցությամբ տարանցմանը, միջոցներին և փաստաթղթերին, հետընդունման ձևերին` արագացված ընթացակարգերի ներքո, հարցազրույցների ընթացակարգին:  

«Հարկ է նշել, որ Հայաստանի հետ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության գործընթացի մեկնարկում, ի թիվս այլ առանցքային հարցերի, ԵՄ կողմից կարևորվում է Հայաստանի Հանրապետության կողմից պատրաստակամությանը` ԵՄ երկրներում անկանոն կարգավիճակում գտնվող իր քաղաքացիների վերադարձի աջակցության հարցում: Այդ նպատակով ՀՀ կառավարությունը ջանքեր է գործադրում վերադարձի, այդ թվում՝ հետընդունման (ռեադմիսիայի) համաձայնագրերի կիրարկման գործընթացը հաջող իրականացնելու ուղղությամբ։

Ընդհանուր առմամբ, վերջին տարիներին նկատվում է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական  Միության միջև  առանց  թուլտվության  բնակվող  անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին համաձայնագրի շրջանակներում ստացվող ռեադմիսիոն  հայցերի թվի էական աճ: Այսպես, եթե 2012-2017թթ-ին ստացվել են 1446 ռեադմսիոն հայցեր՝ 2812 անձանց մասին, ապա միայն 2018 թվականին  ստացվել են 1030 հայցեր՝ 2045 անձանց մասին։ Հարկ է նշել, որ ռեադմիսիոն հայցեր ուղարկող առաջատար երկիրը՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունն է»,- ասված է հիմնավորման մեջ։