Ստացվում է, որ մեկ մարդու պատճառով Երևանում աղբը չի հավաքվում․ Դավթաշենի նախկին թաղապետ

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5, 24News

1

Երեւանի խնդիրները գրեթե ամենաօրյա ռեժիմով բուռն քննարկվում են մեր հասարակությունում՝ սկսված տրանսպորտից ու վերելակներից՝ վերջացրած աղբահանության անվերջ թեմայով։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Դավթաշեն թաղամասի նախկին թաղապետ Ռուսլան Բաղդասարյանը։

«Իհարկե բնական է, որ հասարակությանը հուզող առանձին խնդիրներ պետք է քննարկվեն, սակայն խնդիրն ավելի խորն է, համակարգային։

Խնդիրը Երեւանի այսօրվա կառավարման համակարգի մեջ է։

Ընդհանրապես կառավարման համակարգը պետք է ամորտիզացնող դեր ունենա։ Սա նշանակում է, որ եթե ոլորտի պատասխանատուները լինեն ապաշնորհ եւ ոչ պրոֆեսիոնալ , ապա այդ համակարգը պետք է ոլորտին հասցվող հարվածը հնարավորինս չեզոքացնի , իսկ պրոֆեսիոնալ կադրերի դեպքում ՝ ավելացնի օգտակարության գործողության գործակիցը։

Ի՞նչ կառավարման համակարգ է գործում հիմա Երեւանում։

Վերջին 1 տարվա ընթացքում ինքս, եւ վստահ կարող եմ պնդել երեւանցիները՝ նույնպես , համոզվեցինք, գործող համակարգը վատն է, չի կատարում իր ֆունկցիան։ Փորձեմ ավելի պարզ ներկայացնել։

Դեռեւս 10 տարի առաջ՝ 2009 թ․-ին, ընդունված Երեւանի մասին օրենքով քաղաքապետի պաշտոնը դարձավ ընտրովի։ Սա միանշանակ ճիշտ է՝ Երևանը համայնք է, համայնքի ղեկավարն էլ պետք է ընտրվի։ Նախկին թաղային համայնքները, որոնց ղեկավարներն ընտրվում էին, կոչվեցին վարչական շրջաններ, ղեկավարների պաշտոններն էլ դարձան նշանակովի։ Սա էլ էր ճիշտ։ Բայց ստացվեց այնպես, որ այս օրենքը լավն է, եթե կադրերը պրոֆեսիոնալ են, իսկ վերջին մեկ տարին փաստորեն վատն է։

Իմ համոզմամբ, այստեղ խնդիրը նրանում է, որ մեկ միլիոնանոց Երևան համայնքում տեղական ինքնակառավարում գրեթե չի իրականանում։ Երեւանի քաղաքապետը ի վիճակի չի երեւանցիների առօրյա հոգսերը հոգալ, թեկուզ ունի 2000-ից ավելի աշխատողներ։ Որովհետեւ օրենքով ամրագրված չի ամեն վարչական շրջանում՝ իր ներկայացուցչի լիազորությունները, պարտականությունները, դրանք չկատարելու դեպքում պատասխանատվության ենթարկվելը։ Վարչական շրջանի ղեկավարի համար նույնիսկ աշխատանքային ստաժ չի պահանջվում: Հենց սրա՛ հետեւանքն է, որ արհեստավորի գործիք վերանորոգողը կամ մանրավաճառը կարող են նշանակվել վարչական շրջանի ղեկավար եւ գաղափար չունենալով իրենց պատասխանատվության մասին՝ քաղաքացիների պրոբլեմը լուծելու փոխարեն, գնդակի պես «տշեն»՝ կարեւորը իրենց դռներից հեռու։

Այսինքն՝ վարչական շրջանները ի սկզբանե կազմավորվել են տեղական ինքնակառավարումը Երեւանում ավելի արդյունավետ դարձնելու համար, սակայն վարչական շրջանների աշխատակազմները կարծես ձեւական բնույթ են կրում։ Ամբողջ լիազորությունները եւ պատասխանատվությունն ընկնում են մեկ անձի՝ Երեւանի քաղաքապետի վրա, եւ եթե նա էլ պրոֆեսիոնալ չի ու չգիտի իր անելիքները, ստացվում է, որ այդ մեկ մարդու պատճառով Երեւանում աղբը չի հավաքվում։ Ու դա այն դեպքում, երբ Երեւանն ունի մրցույթ շահած օպերատոր, եւ քաղաքային բյուջեից արդեն գրեթե 8 մլն դոլար հատկացվել է խնդրի լուծման համար (ի դեպ նախկինում ես ասել եմ, որ փող ծախսելով խնդիրը չեն լուծելու) , կանաչ գոտիներն այրվում են, վերելակներն ընկնում են եւ շատ ու շատ խնդիրներ են առաջանում ամեն օր։

Եթե պատկերավոր ասեմ, Երեւանի կառավարման համակարգը նմանեցնում եմ մեծ գլխով լղար մարմնով մի երեւույթի, որը չի կարողանում ուսերի վրա պահել իր գլուխը։

Ի՞նչ է հարկավոր անել։

Կարծում եմ, նախ անհրաժեշտ է քաղաքապետի լիազորությունները հնարավորինս «իջեցնել» դեպի իրենից ներքեւի օղակներ։ Մյուս կողմից, ներքեւի օղակներում պահանջները խստացնել, որպեսզի աշխատանքի ընդունվեն միայն օրենքի խստացված պահանջներին համապատասխան պրոֆեսիոնալներ։

Քավ լիցի, ես նկատի չունեմ, որ նշածս օրենսդրական փոփոխությունները նախաձեռնի այսօրվա քաղաքային իշխանությունները. նրանք ունքը սարքելու փոխարեն աչքն էլ կհանեն։ Պիտի խոստովանել, որ առաջարկածս լուծումը այսօր՝ այս քաղաքային իշխանության պարագայում, հնարավոր չի։

Եվ ամենահետաքրքիրն այն է, որ հենց ինքը ՝ քաղաքապետն էլ է հասկացել , որ կամազ գնելով՝ խնդիրը չի կարողանում լուծել, մետրոն չի կառուցելու, վերելակները չի փոխելու, բայց վստահ եմ՝ պատճառն ինքն էլ չգիտի»։