Այսուհետ գյուղացիները հեշտությամբ կարող են այցելել սահմանային գոտում գտնվող հողատարածքներ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5, 24News

Հասարակություն

Կառավարություն իր այսօրվա՝ սեպտեմբերի 5-ի նիստում որոշում կայացրեց փոփոխություններ կատարել «ՀՀ պետական սահմանում սահմանային ռեժիմը եւ պետական սահմանի անցման կետերի ռեժիմը սահմանելու մասին» որոշման մեջ, որը թույլ կտա գյուղացիներին սահմանային շերտեր այցելելու համար ավելի հեշտությամբ ստանալ անցագիր:

Որոշման հիմնավորման մեջ նշված է, որ նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ներկայումս սահմանային շերտ մուտք գործելու անցագիր տրամադրվում է սահմանային զորքերի սահմանապահ ջոկատի պետի կողմից: Մասնավորապես, սահմանային շերտում առկա են մի քանի անցակետեր, եւ  յուրաքանչյուր կետով սահմանային շերտ մուտք գործելու համար սահմանային զորքերի ստորաբաժանման պետի կողմից պետք է տրվի առանձին թույլտվություն, որի տրամադրման գործընթացը ժամանակատար է:

Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ներկայումս գյուղատնտեսությամբ զբաղվող անձինք, անհատներ, ինչպես նաեւ տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ գործունեություն են ծավալում սահմանային շերտի տարածքում (oրինակ՝ ջրամատակարարման համակարգերի ստուգում, հիդրոտեխնիկական կառույցների զննում եւ վերանորոգում), որտեղ նրանց մուտքի թույլտվության տրամադրումն առաջացնում է մի շարք բարդություններ անցագրի տրամադրման ժամանակի առումով:

Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է նաեւ, որ ՀՀ սահմանային բնակավայրերի գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվող բնակիչները շահագործում են տրանսպորտային միջոցներ (որոնցով տեղափոխում են գյուղատնտեսական գործիքներ, ապրանքներ եւ մթերք) առանց հաշվառման համարանիշների: Վերոնշյալ անձինք հիմնականում անվճարունակ են եւ ի վիճակի չեն հաշվառել տրանսպորտային միջոցները` դրա դիմաց անհրաժեշտ վճարումներ կատարելու անհնարինության պատճառով:

Որոշման մեջ փոփոխություն կատարելու դեպքում Հայաստանում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության կողմից տրամադրված ընդհանուր անցագիրը ընդունելի կլինի սահմանային շերտ մուտք գործելու համար սահմանային շերտում տեղակայված բոլոր դարպասներից, ինչը կհեշտացնի սահմանային շերտում գտնվող հողատարածքներ ելքը եւ մուտքը՝ ձերբազատելով ավելորդ փաստաթղթային քաշքշուկներից:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ առաջարկվում է Որոշմամբ սահմանված 1-ին հավելվածի 7-րդ, 9-րդ եւ 12-րդ կետերում «ջոկատի պետը» բառերից հետո լրացնել «կամ սահմանապահ զորքերի հրամանատարը» բառերը` իրենց համապատասխան կետերով:

Հարկ է նշել, որ անհատական անցագրում` NN 2 եւ 10 ձեւերում լրացում կատարելու խնդիրը վերաբերում է առանց հաշվառման համարանիշների /ՀՀ Ոստիկանության ՃՈ ծառայությունում չհաշվառված/ մեքենաների՝ սահմանային շերտ մուտք գործելու հարցին: Այդ կապակցությամբ ՀՀ ԱԱԾ կողմից առաջարկվում է մեքենաների հաշվառման համարանիշների տվյալների փոխարեն անհատական անցագրի կտրոնում եւ մատյանում նշել մեքենայի նույնականացման համարը /VIN կոդը/ եւ գույնը, ինչը հնարավորություն կտա սահմանապահներին տվյալ տրանսպորտային միջոցը ամրակցել կոնկրետ անձին: