Կառավարությունը հավանություն տվեց միջազգային դաշնագրի՝ մահապատժի վերացման արձանագրությանը

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5, 24News

1

ՀՀ կառավարությունն այսօրվա՝ սեպտեմբերի 5-ի նիստում որոշեց հավանություն տալ «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի՝ մահապատժի վերացմանն ուղղված երկրորդ կամընտիր արձանագրության ստորագրման առաջարկությանը:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ այս արձանագրությունը ստորագրվել է 1989 թ. դեկտեմբերի 15-ին:

Արձանագրությունը ստորագրել է 38 պետություն, ուժի մեջ է մտել 87 պետության համար: Արձանագրության ստորագրմամբ կողմերը համարում են, որ մահապատժի վերացումը կնպաստի մարդկային արժանապատվության բարձրացմանը և մարդու իրավունքների առաջադիմական զարգացմանը:

Կողմերը վկայակոչում են 1948 թվականի դեկտեմբերի 10-ին ընդունված Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 3-րդ հոդվածը եւ 1966 թվականի դեկտեմբերի 16-ին ընդունված «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի 6-րդ հոդվածը:

Մահապատժի վերացմանն ուղղված երկրորդ կամընտիր արձանագրությամբ ամրագրվում է, որ արձանագրության կողմ պետության իրավազորության ներքո գտնվող ոչ մի անձ չպետք է ենթարկվի մահապատժի և յուրաքանչյուր կողմ պետություն ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները՝ իր իրավազորության շրջանակներում մահապատիժը վերացնելու համար:

Արձանագրությունը բխում է «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1993 թ. սեպտեմբերի 23-ին) 6-րդ հոդվածի տրամաբանությունից, արձանագրության դրույթները կիրառվում են որպես Դաշնագրի լրացուցիչ դրույթներ, եւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ Սահմանադրության 24-րդ հոդվածի համաձայն ոչ ոք չի կարող դատապարտվել կամ ենթարկվել մահապատժի, ուստի Արձանագրության ստորագրումը եւ հետագայում վավերացումը Հայաստանի Հանրապետության համար լրացուցիչ պարտավորություններ չի կարող առաջացնել:

Կողմերը համոզված են, որ մահապատժի վերացմանն ուղղված բոլոր միջոցները պետք է դիտարկել որպես կյանքի իրավունքի իրականացման հարցում ունեցած առաջընթաց:

Արձանագրության վավերացումը թույլ կտա էլ ավելի ամրապնդել Հայաստանի ու ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի ու ՄԱԿ-ի մարդու իրավունքների պայմանագրային մարմինների, մասնավորապես՝ Մարդու իրավունքների կոմիտեի հետ փոխգործակցությունը՝ էլ ավելի բարձրացնելով մարդու իրավունքների ոլորտում ՀՀ միջազգային հեղինակությունը։