«Թալես» ընկերությունը գույքագրում է Հայաստանում առկա հնարավորությունները

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5, 24News

1

 ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր հանդիպել է ֆրանսիական «Թալես» ընկերության ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից:

Նախարարն իր ողջույնի խոսքում նշել է.«Բարի գալուստ Հայաստան: Լիահույս ենք, որ այցի ընթացքում կբացահայտեք Հայաստանը: Ներդրողների աջակցման մեր թիմը պատրաստակամ է արձագանքել այն բոլոր հարցերին, որ կծագեն ձեզ մոտ»:

Ընկերության ներկայացուցիչ Պոլ Ռեմին նշել է, որ պատվիրակությունը գույքագրում է Հայաստանում առկա հնարավորությունները` այստեղ գործունեություն ծավալելու և ծրագրեր իրականացնելու նպատակով: Նախատեսվում են հանդիպումներ պետական մարմինների ներկայացուցիչների, ինչպես նաև նորարարական և բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող հայկական ընկերությունների հետ:

Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է բարձր տեխնոլոգիաների վրա հենված տնտեսության խթանումը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քննարկումները համագործակցության շրջանակի վերաբերյալ:

THALES Group-ը ֆրանսիական ընկերություն է, որը պատրաստում է էլեկտրոնային համակարգեր և մատուցում ծառայություններ ավիացիոն-տիեզերական, պաշտպանական, տրանսպորտային և անվտանգության ոլորտներում: