ՀՀ նախկին նախագահը, հավանաբար, ազատ կարձակվի կալանքից՝ արդեն երրորդ անգամ․ «Կոմերսանտ»

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5, 24News

բակո

ՀՀ Սահմանադրական դատարանը հրապարակել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների հայցի վերաբերյալ որոշումը: Հայցով վիճարկվում էր ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի որոշ հոդվածների համապատասխանությունը մայր օրենքին, գրում է «Կոմերսանտ»-ը։

Աղբյուրը նշում է, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանններին հաջողվել է հասնել իրենց նպատակին. Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը, որում ներկայացված են «քրեական գործի վարույթը բացառող հանգամանքները», հակասահմանադրական է ճանաչվել։

Հայաստանի նախկին նախագահը, ամենայն հավանականությամբ, ազատ կարձակվի կալանքից՝ արդեն երրորդ անգամ, գրում է աղբյուրը։

Սահմանադրական դատարանի որոշման համաձայն՝ Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը չի նախատեսում հատուկ պաշտպանությամբ օժտված պաշտոնատար անձանց անձեռնմխելիություն, թեև հիմնական օրենքը երաշխավորում է այն։

«Կոմերսանտ»-ի հաղորդմամբ՝ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները վիճարկում էին ևս մեկ հոդված՝ 135-ը (խափանման միջոց կիրառելու հիմքերը), սակայն դատարանն այն չի բավարարել։

Հարցին՝ արդյոք դա նշանակում է, որ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը կփոխվի, և նա ազատ կարձակվի, Արամ Վարդևանյանը պատասխանել է, որ միանշանակ այդ մասին կարելի է խոսել միայն որոշման հրապարակումից հետո, որը, փաստաբանի հաղորդմամբ, պետք է տեղի ունենա երեք օրվա ընթացքում։

Փաստաբանը նաև հավելել է, որ ելնելով այն հանգամանքից, որ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու հոդվածը հակասահմանադրական է ճանաչվել՝ «ազատության սահմանափակումը չի կարող լինել իրավական և չի կարող լինել սահմանադրական»։