ՍԴ որոշումը Քոչարյանի կալանքի գործի քննարկման համար ընդամենը դրական գործոն է․սահմանադրագետ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5, 24News

քաղաքական

Սահմանադրագետ Վարդան Այվազյանը վստահ է, որ Սահմանադրական դատարանի՝ ՀՀ նախկին նախագահի նկատմամբ կալանքը՝ որպես խափանման միջոց, ընդունելու հոդվածը հակասահմանադրական ճանաչելու որոշումը նշանակում է, որ տվյալ հոդվածը թերի է՝ չի ներառում անձեռմխելիություն ունեցող անձանց խնդիրները։ 

24News-ի հարցին, թե  արդյո՞ք ՍԴ որոշումից բխում է, որ Ռոբերտ Քոչարյանը պիտի ազատ արձակվի, Վարդան Այվազյանն ասաց, որ ՍԴ-ն ընդամենը տեղեկություն է տվել հոդվածի՝ հակասահմանադրական ճանաչելու մասին։ «Ընդ որում, հակասահմանադրական ճանաչվել է ոչ թե այն բանի համար, որ այն բացահայտ սահմանադրությանը հակասող դրույթ է, այլ՝ քանի որ այն իրավական բաց ունի։ Այսինքն՝ այդ հոդվածը պետք է կարգավորեր անձեռմխելիություն ունեցող անձանց խնդիրները, որը չի կարգավորում։ Այսինքն՝ հոդվածը թերի է, ոչ թե՝ հակասահմանադրական։ Հիմա ճանաչվել է այդպիսին, մինչև դատարանի դիրքորոշումներին չծանոթանանք, մենք միայն դրա հիման վրա չենք կարող եզրահանգել»,- հավելեց նա։ 

Այն հարցին, թե կարո՞ղ ենք նշել, որ վաղաժամ են թե՜ հայաստանյան իրավաբանների, թե՜ արտերկրի հրապարակախոսների մեկնաբանությունները, որ ՍԴ այս որոշման հիմքով Քոչարյանն ազատ կարձակվի, սահմանադրագետը նշեց. «Ընդամենը, Ռոբերտ Քոչարյանի կալանքը՝ որպես խափանման միջոց, գործի քննարկման համար որոշակի բարենպաստ, դրական գործոն կհանդիսանա, բայց որ ասենք, հարյուր տոկոսով կնպաստի, այդպես չէ»։ 

Սահմանադրագետը հիշեցրեց, որ ՍԴ-ն հրապարակել է միայն որոշման մասը․ «Մինչև ամբողջ որոշումը մեր ձեռքի տակ չլինի, միայն այդ որոշման մասով մեկնաբանություն անելը սխալ կլինի»։ 

Հիշեցնենք, որ երեկ՝ սեպտեմբերի 4-ին, Սահմանադրական դատարանը հրապարակեց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննության արդյունքում կայացրած որոշումը, որի համաձայն, Քրեական դատավարության օրենսգրքի՝ նախկին նախագահի վիճարկած հոդվածներից մեկը՝ 35-րդը, ճանաչեց երկրի Հիմնական օրենքին չհամապատասխանող և անվավեր, մյուսը՝ 135-րդը՝ Սահմանադրությանը համապատասխանող: