ԵԽ Նախարարների կոմիտեին ներկայացնում ենք ՄԻԵԴ վճռի կատարման մասին մեր դիրքորոշումները․ ՄԻՊ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5, 24News

1

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Ֆրանսիայի կառավարության և Եվրոպայի խորհրդի հատուկ հրավերով  ելույթ է ունեցել Նախարարների կոմիտեի նիստում։

Ինչպես հայտնեցին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, ԵԽ նախարարների կոմիտեի նիստը նվիրված է մարդու իրավունքների ազգային հաստատությունների և օմբուդսմանների գործունեությանը ժամանակակից աշխարհում, ծառացած մարտահրավերներին և դրանց հաղթահարման ուղիներին։

Արման Թաթոյանը ելույթում ներկայացրել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը և փորձը, աշխատանքի սկզբունքներն ու մեթոդները:

Մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել է, թե ինչպես է աշխատում քաղաքացիական հասարակության և պետական մարմինների հետ՝ ապահովելով անկախության բարձր մակարդակ և աշխատանքի արդյունավետության զգալի աճ։ Նա կարևորել է նաև խորհրդարանի հետ հաստատված է ինստիտուցիոնալ ամուր հիմքեր ունեցող համագործակցությունը:

Օրինակ՝ ԱԺ գարնանային նստաշրջանի ընթացքում խորհրդարանն ընդունեց, իսկ հետո Հանրապետության Նախագահը ստորագրեց քրեակատարողական համակարգին առնչվող օրենսդրական փաթեթ, որը մշակվել էր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում, հետագայում համատեղ աշխատանք տարվել Արդարադատության նախարարության ու ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հետ: Սա ցույց է տալիս եռակողմ կարևոր համագործակցության ձևաչափի մասին: Ակտիվ և արդյունավետ համագործակցություն է ձևավորված նաև ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի հետ, ինչպես նաև Վարչապետի աշխատակազմում Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) ներկայացուցչի գրասենյակի հետ։

«Մենք ակտիվորեն համագործակցում ենք նաև միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների հետ։ Աշխատանքի անաչառ սկզբունքներով պայմանավորված՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի զեկույցները ճանաչվում են կարևոր աղբյուր, որոնց վրա հղումներ են կատարվում Հայաստանին վերաբերող վճիռների մեջ։ Մարդու իրավունքների պաշտպանը ներգրավվել է երրորդ կողմ ՄԻԵԴ-ում քննվող գործով, որը բացառիկ պրակտիկա է։ Մենք հաջողությամբ շարունակում ենք ԵԽ Նախարարների կոմիտե ներկայացնել ՄԻԵԴ վճռի կատարման հետ կապված Պաշտպանի հատուկ դիրքորոշումները»,- ելույթում նշել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը։

Նա տեղեկացրել է նաև, որ առաջիկայում քաղաքացիական հասարակության հետ միասին կմշակեն Հայաստանին վերաբերող ՄԻԵԴ վճիռների կատարման վերաբերյալ դիրքորոշումներ։ Ավելին, Մարդու իրավունքների պաշտպանն իր իրավասության շրջանակում շարունակում է ամենօրյա աշխատանքով նպաստել երկրի իրավական համակարգը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային համապատասխանեցնելուն:

47 պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների, միջազգային կառույցների ղեկավար կազմերի ու մարդու իրավունքների մի շարք հաստատությունների մասնակցությամբ քննարկմանը ելույթով հանդես են եկել նաև Ֆրանսիայի Մարդու իրավունքների ազգային խորհրդատվական հանձնաժողովի նախագահ պարոն Ժան-Մարի Դելարուն, Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի նախագահ տիկին Էմիլի Լոգանը, և Վենետիկի հանձնաժողովի գիտական խորհրդի նախագահ պարոն Յան Հելգեսենը: