Փաշինյանի «ծռիզմը»

ԵՐԵՒԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐ, 24News

Նիկոլ Փաշինյան _ ծռեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ՝ սեպտեմբերի 5-ին, ընդունել է «Սասնա ծռեր» կուսակցության առաջնորդներ Ժիրայր Սեֆիլյանին ու Գարեգին Չուգազսյանին։ Կառավարությունում այդպես էլ չեն մեկնաբանել այս հանդիպման նպատակները, սակայն Սեֆիլյանը՝ Փաշինյանի մոտից դուրս գալուց հետո, հայտարարել է, թե «նախկին ռեժիմի ռևանշը թույլ չեն տալու, և իրազեկել են առկա վտանգների մասին»։ Ստացվում է, որ Սեֆիլյանն ակնարկել է վարչապետի հետ յուրօրինակ  համաձայնության, դաշինքի կամ գոնե նախնական համագործակցության մասին։ Այս ամենը բնական կլիներ, եթե խոսքը վերաբերվեր ցանկացած այլ կուսակցության, բայց ոչ «Սասնա ծռերին», ովքեր հայտնի են իրենց ծայրահեղական գործողություններով ու գաղափարներով։ Ընդամենը 3 տարի առաջ համանուն խմբավորման անդամները գրոհեցին Պետական պահպանության ծառայության գունդը, որի հետևանքով զոհվեցին իրենց ծառայողական պարտականությունները կատարող ոստիկաններ։ Ու հիմա հարց է առաջանում, թե ինչպիսի վերաբերմունք դեպի վարչապետը կարող են ունենալ ուժային կառույցների սպաները, ում ծառայակից ընկերները սպանվեցին պետության ղեկավարի նորաթուխ «գործընկերների» պատճառով։ Եթե Փաշինյանը որոշել է նոր «տանդեմ» կառուցել «Ծռերի» հետ՝ այս կերպ փորձելով ձախողել «հին ռեժիմի» ակտիվացումը, ապա ընդամենը պետք է հիշեցնել, որ այս կիսաահաբեկչական խմբավորումը չգիտի որևիցե այլ գործելաոճ, քան զենքն ու կրակոցները, որի՝ ներքին կյանքում կիրառման դեմ միշտ այդքան ակտիվորեն հանդես է եկել թե՜ ընդդիմադիր, և թե՜ արդեն վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նմանատիպ հանդիպումները յուրօրինակ մեսիջներ են ներքին ու արտաքին քաղաքական դաշտին՝ լի բացասական հետևանքներով։ Հետաքրքիր կլինի նաև պարզել, թե ինչպիսի վերաբերմունք կարող են ունենալ մեր արտաքին գործընկերները այն փաստի կապակցությամբ, որ Հայաստանի «թավշյա» ղեկավարները սկսել են շփվել ու, թերևս, պայմանավորվածություններ ձեռք բերել զինյալ կառույցի անդամների հետ, ովքեր արտաքին դաշտում նույնպես աչքի չեն ընկնում իրենց լոյալությամբ։ Տեսնենք, թե ուր կհասնի Փաշինյանի «ծռիզմը»։ 

Սուրեն Կամսարական

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news