Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանում Լատվիայի դեսպանին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6, 24News

քաղաքական

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը սեպտեմբերի 5-ին  ընդունել է Հայաստանում Լատվիայի արտակարգ և լիազոր դեսպան Ինգրիդա Լևրենցեին (նստավայրը՝ Թբիլիսի): 

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից, ողջունելով հյուրին՝ փոխվարչապետը նշեց, որ վերջին տարիներին հայ-լատվիական հարաբերությունները զգալի առաջընթաց են ապրել և հույս են հայտնել, որ միասնական ջանքերով հնարավոր կլինի համագործակցության էլ ավելի հավակնոտ օրակարգ ձևավորել:

Զրուցակիցները համակարծիք էին, որ առևտրատնտեսական ոլորտում առկա է չիրացված զգալի ներուժ և այս առումով կարևորել են տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի անցկացումը: Անդրադարձ կատարվեց Երևան-Ռիգա ուղիղ չվերթի բացման հեռանկարներին: Տիգրան Ավինյանն ընդգծել է, որ նոր ավիաուղղություններ գործարկելու համար Հայաստանի կառավարությունը գործուն քայլեր է իրականացնում:

Ինգրիդա Լևրենցեն հայտնել, որ Լատվիան պատրաստակամ է աջակցելու Հայաստանում իրականացվող բարեփոխումներին և կիսվելու իր կուտակած փորձով: Այս համատեքստում քննարկվել է հանրային կառավարման համակարգի բարեփոխումների հարցում համագործակցության հնարավորությունը:

Կողմերը անդրադարձել են  Հայաստան-ԵՄ հարաբերություններին և Արևելյան գործընկերության ծրագրի զարգացման հեռանկարներին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև խորհրդարանական դիվանագիտության ակտիվացմանը և մշակութային կապերի խորացմանը վերաբերող հարցեր: