Հայկական Կարիտասը կարիք չունի արդարանալու, քանի որ մեր գործերը խոսում են․ հայտարարություն

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6, 24News

karitas

Հայկական Կարիտասը հայտարարություն է տարածել «Երեխաների քաղաքը» ծրագրի վերաբերյալ։ Հայտարարությունը՝ ստորև․

«Արձագանքելով Հայկական Կարիտասի «Երեխաների քաղաք» ծրագրի գաղափարի հետ կապված թյուրըմբռնումներին և մտահոգություններին՝ տեղեկացնում ենք, որ Հայկական Կարիտասի 25-ամյա գործունեության հիմքում դրված եւ մինչ օրս գործադրված սկզբունքներից է ծրագրերի իրականացման գործընթացը հիմնել մարդու իրավունքների եւ երեխայի լավագույն շահի պաշտպանության վրա։ Այս մոտեցման վառ ապացույցն են հանդիսանում Հայկական Կարիտասի «Երեխաների պաշտպանություն» եւ «Սոցիալական ներառում» առանցքային ռազմավարական ուղղությունները, որոնք տարիներ ի վեր իրականացվում են կոնկրետ ծրագրերով՝ արժանանալով այդ ծրագրերի շահառուների, քաղաքացիական հասարակության եւ ՀՀ պետական կառույցների դրական կարծիքին և հավաստիացումներին, թե Հայկական Կարիտասի գործունեությունը եղել է մշտապես արդյունավետ։

Հայկական Կարիտասը կարիք չունի արդարանալու, քանի որ մեր գործերը խոսում են մեր փոխարեն։ Սակայն, «Երեխաների քաղաք» նախագծի վերաբերյալ վերջին մեկ ամսվա ընթացքում հասարակության որոշ խմբերի կողմից բարձացված հարցերը և մեղադրանքները հրավիրում են մեզ այս փուլում ևս հասարակությանը առավել իրազեկել ծրագրի մանրամասների վերաբերյալ, ինչը նախատեսել էինք անել հաջորդ փուլերի ընթացքում՝ ելնելով այս բարդ ծրագրի մշակման և իրականացման տրամաբանությունից։

Ծրագիրը ամենեւին չի ենթադրում առանձնացված եւ մեկուսացած բնակավայրի հիմնում։ Այս թյուրըմբռնումը, գուցե, բխում է ծրագրի անվանումից, որը բնորոշվել է որպես «Երեխաների քաղաք» եւ ունի զուտ սիմվոլիկ նշանակություն։ Պարզաբանում ենք, որ տեղանքը, որը հատկացվելու է ծրագրի իրականացման համար, գտնվում է Արարատի մարզի Տափերական եւ Շահումյան համայնքների վարչական տարածքների միջնամասում՝ բնակելի տների անմիջական հարևանությամբ, և կառուցապատումից հետո յուրովի կապ կդառնա երկու համայնքների միջև։ Ավելին, կառուցապատումը նախատեսված է իրականացնել՝ որպես Շահումյան համայնքի վարչական տարածքի և հասցեավորման շարունակություն, իսկ մնացած հողատարածքները կմնան Տափերականի տարածքում:

Ծրագրի նախնական գաղափարի վերաբերյալ կազմակերպությունը ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի, ինչպես նաեւ ՀՀ Կրթության, գիտության, սպորտի եւ մշակույթի նախարարությունների կողմից ստացել է առաջարկություններ՝ ծրագրի ընդհանուր նկարագության լրամշակման համար։ Հիմք ընդունելով առաջարկությունները եւ մեր հնարավորությունները՝ Հայկական Կարիտասը կներկայացնի ծրագրի ընդհանուր նկարագրության վերամշակված տարբերակը՝ ՀՀ նախարարությունների աշխատակիցների, կրթության և սոցիալական ոլորտների այլ մասնագետների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկելու նպատակով, ինչի արդյունքում փուլային հաջորդականությամբ կիրականացվի ծրագրի հետագա մշակումը։ Լրամշակված ծրագիրը կներկայացվի ՀՀ Կառավարության հաստատմանը։

Ի լրումն, Հայկական Կարիտասը իր լայնածավալ գործունեությանն առնչվող ցանկացած խնդրի վերաբերյալ մշտապես պատրաստ է եղել լսել եւ քննարկել առաջարկությունները բոլոր շահագրգիռ անձանց եւ կառոյցների կողմից։ Ուստի, մտահոգված անձանց եւ կառույցներին կոչ ենք անում բողոքի ցույցեր ու անկախ լսումներ կազմակերպելուց առաջ իրենց մտահոգություններով դիմել ուղիղ «Հայկական Կարիտաս» կազմակերպությանը։ Մենք պատրաստ ենք պատասխանել ցանկացած հարցման՝ մեզ համար ընդունելի, ողջամիտ ձևաչափերով, այդ թվում՝ գործընկերային քննարկումների սեղանի շուրջ, փոխըմբռնման և փոխադարձ հարգման մթնոլորտում երկխոսելու պատրաստակամության առկայությամբ, ինչպես աշխատել ենք մինչ օրս՝ մեր բոլոր գործընկերների հետ»: