ՀՀ-ում ԲԴԽ անդամները հյուրընկալել են ԵՄ ներկայացուցիչների`քննարկելով դատաիրավական հարցեր

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ 6, 24News

 ԲԴԽ անդամները հյուրընկալել են ԵՄ ներկայացուցիչների

Սեպտեմբերի 6-ին Բարձրագույն դատական խորհուրդը հյուրընկալեց Հայաստանում Եվրամիության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Գոնսալո Սեռանոյին և ԵՄ միջազգային գծով օգնական Իրինա Մովսեսյանին: Այս մասին տեղեկացնում է Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունը:

ԵՄ ներկայացուցիչների հետ հանդիպեցին Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը, Խորհրդի անդամներ Վիգեն Քոչարյանը և Հայկ Հովհաննիսյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին արդարադատության շուրջ գործնական երկխոսության, դատաիրավական բարեփոխումների ռազմավարական ուղղությունների մշակման և դրանց իրագործման համար Եվրոպական միության հնարավոր ներգրավվածության և Խորհրդի հետ արդյունավետ համագործակցությանը վերաբերող մի շարք առանցքային հարցեր:

Խորհրդի նախագահը շեշտեց, որ Բարձրագույն դատական խորհուրդը բաց է և պատրաստակամ դատական իշխանությանն առնչվող ցանկացած հարցի քննարկման և արդյունավետ համագործակցության համար:

ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարն իր հերթին ընդգծեց դատաիրավական բարեփոխումների իրականացման ճանապարհին Եվրոպական միության հնարավոր աջակցության և Խորհրդի հետ հետագա համագործակցության զարգացման պատրաստակամությունը: