Արցախի ընտրություններն առաջին անգամ կդիտարկեն պրոֆեսիոնալ դիտորդներ․ Իոաննիսյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6, 24News

Հասարակություն

Սեպտեմբերի 7-ն Արցախի հանրապետությունում նախընտրական լռության օր է։ Սեպտեմբերի 8-ին առաջին անգամ Արցախում անցկացվում են համապետական ընտրություններ, որոնք դիտարկելու են պրոֆեսիոնալ դիտորդներ։ 

24News-ի հետ զրույցում «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի կազմակերպիչ Դանիել Իոաննիսյանը կարևորեց միջազգային դիտորդների առկայությունը Արցախի ընտրական տեղամասերում՝ նշելով․ «Արցախում երբեք-երբեք չի եղել իրական դիտորդական առաքելություն, առավել ևս՝ այս չափերի։ Նախկինում Արցախ եկել են արտերկրից պաշտոնյաներ, տարբեր երկրներից մարդիկ, բայց նրանք պրոֆեսիոնալ դիտորդներ չէին։ Նրանք գալիս էին, քաղաքական գնահատական էին տալիս, բայց դա դիտորդություն չէ։ Արցախում պրոֆեսիոնալ դիտորդություն առաջին անգամ է լինում»։

Իոաննիսյանի խոսքով՝ այս ընտրությունները դիտարկելու համար գրանցված կազմակերպություններից միայն «Իրազեկ քաղաքացիների միավորում»-ն ու «Թրանսփարենսի ինթերնեշնլ»-ն են, որ իրական դիտորդություն են անում, ունեն դիտորդական մեթոդաբանություն, բավարարում են ընտրական դիտորդների միջազգային չափանիշներին, ունեն միջազգային փորձ, վերջում հանդես են գալիս զեկույցով։

Այն հարցին, թե արդյոք նկատվել-արձանագրվե՞լ են ընտրախախտումներ նախընտրական քարոզչության ընթացքում, Իոաննիսյանը պատասխանեց․ «Նախընտրական քարոզչության ընտրախախտումների դիտարկում չենք անում, բայց փորձում ենք ընդհանուր առմամբ գնահատել, թե որքանո՞վ է միջավայրը մրցակցային, գործընթացը՝ քաղաքական։ Մեր գնահատականը կհրապարակենք ընտրությունների ավարտից հետո»։ 

Արցախում՝ իրենց առաքելության նկատմամբ հնչող քննադատությունների մասին հարցին ի պատասխան՝ նա ասաց․ «Մենք Արցախում չենք հանդիպել որևէ մեկին, որ դեմ խոսեր մեր առաքելությանը, իսկ ես շատ-շատերին եմ հանդիպել այստեղ։ Մեր առաքելության մեջ պատերազմի բազմաթիվ մասնակիցներ կան, ապրիլյանի մասնակիցներ, մեր առաքելության նկատմամբ որևէ հասարակական հակառակություն չի զգացվում։ Որոշ անձինք կան, որ դեմ են, դա էլ իրենց անձնական իրավունքն է։ «Իրազեկ քաղաքիների միավորում»-ը պատրաստ է պաշտպանել մարդկանց սահմանադրական իրավունքը՝ քննադատելու որևէ մեկին, այդ թվում, եթե կուզեն, «Իրազեկ քաղաքացիների միավորմանը»»։ 

«Բաց հասարակություն հիմնադրամներ»-ի կողմից ֆինանսավորվելու և նրա քաղաքական գիծը սպասարկելու մասին քննադատություններին անդրադառնալով՝ նա ընդգծեց․ «Մեր առաքելությունը ֆինանսավորում է ՀՀ վարչապետի աշխատակազմը՝ ՀՀ-ի հարկատուները։ Բնականաբար, առաքելության համար մենք հաշվետու ենք վարչապետին և Հայաստանի քաղաքացիներին։ Իմ ֆեյսբուքյան էջում հրապարակված է բյուջեն, վերջնական հաշվետվությունն էլ կհրապարակվի, չծախսված գումարներն էլ կվերադարձնենք»։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 8-ին Արցախի Հանրապետության բոլոր 228 համայնքներում կկայանան ՏԻՄ ընտրություններ: Առաջադրվել է 41 թեկնածու և 1401 ավագանու անդամ, որից 7-ը հայտնել են ինքնաբացարկի դիմումներ: