Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանին․ նա ավարտում է առաքելությունը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6, 24News

1

Սեպտեմբերի 6-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթին՝ Հայաստանում վերջինիս առաքելության ավարտի կապակցությամբ, հայտնում են ՊՆ լրատվական ծառայությունից։ 

Նախարար Տոնոյանը շնորհակալություն է հայտնել տիկին դեսպանին իր պաշտոնավարման ընթացքում պաշտպանության բնագավառում հայ-բրիտանական համագործակցության խորացմանը միտված գործունեության համար՝ կարևորելով կանոնավոր ռազմաքաղաքական քննարկումների անցկացումը, ռազմավարական տարբեր ոլորտներում մասնագիտական խորհրդատվական աջակցությունը, տարբեր կրթական և վերապատրաստման ծրագրերը, համատեղ ռազմամշակութային միջոցառումների անցկացումը և այլն։

Տիկին դեսպանը, իր հերթին շնորհակալություն հայտնելով, նշել է, որ համագործակցության շրջանակներում համատեղ ձեռքբերումները երկուստեք բարձր են գնահատվում և վստահություն հայտնել, որ փոխգործակցության զարգացումը շարունակական կլինի։ 
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: