ՔԿՀ-ներում բունտ են արել՝ ի պաշտպանություն «զոն նայողների»․ Անի Սամսոնյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6, 24News

Լուսավոր Հայաստանի պատգամավորներ Անի Սամսոնյանն ու Ռուբիկ Ստեփանյանն այցելել են Նուբարաշեն ՔԿՀ՝ նախորդ օրը տեղի ունեցած անկարգությունների մասին ավելի հիմնավոր և մանրամասն տեղեկություն ստանալու համար։ 

Այստեղ նրանց հայտնել են, որ անկարգությունները սկսվել են սեպտեմբերի 5-ին, ժամը 15։30-ին։ 3-րդ և 4-րդ մասնաշենքի կալանավորները հարվածել են դռներին, ջարդել են կերակրաբռնակները, այրվող առարկաներ են նետել պատուհանից դուրս, ինչի հետևանքով այրվել է ՔԿՀ-ի կից խոտածածկ տարածքը, հրդեհը մարել են ԱԻՆ աշխատակիցները։ 

«Այս անկարգությունները սկսվել են այն բանից հետո, երբ կառավարությունը հայտարարեց, որ նախաձեռնել է օրինագիծ, որը  միտված է քրեականացնել քրեական ենթամշակույթը։ Եվ ըստ այդմ, կալանավորները որոշել են բունտ անել՝ ի պաշտպանություն «զոն նայողների»։ Իրավիճակը եղել է լարված, սակայն քրեակատարողական ծառայողների ջանքերով այն հանդարտվել է։ Մեզ ասացին, որ ամեն ինչ տեղի է ունեցել օրենքի սահմաններում։ ՔԿՀ աշխատակիցները ուժի կիրառման չեն դիմել։ Չկան կալանավորներ, որ տարված լինեն պատժոիչ խուց։

Սակայն Էրեբունու վարչական շրջանի դատախազությունում նախապատրաստվում են նյութեր դեպքի կապակցությամբ քրեական գործ հարուցելու համար։ Մենք նաև տեղեկացանք, որ իրավիճակը խնդրի առնչությամբ կարող է մնալ լարված, այդ իսկ պատճառով ՔԿՀ-ներում ավելի զգոն են և պատրաստ են ցանկացած նման իրավիճակում կարողանան կարգի բերել»,- նշում է Անի Սամսոնյանը՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերում։

«Այս պահին թե՛ կալանավորները, և թե՛ դատապարտյալները խնդիրներ չեն առաջացնում»,- հավելում է Ռուբիկ Ստեփանյանը՝ վերահաստատելով, որ իրավիճակը վերահսկելի է։