Դատավորների աշխատանքի ծանրաբեռնվածության կրճատման մեծ ծրագրեր ունենք․ ԱՆ վարչության պետ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6, 24News

1

Դատական համակարգում ռազմավարության փոփոխություն նշանակելիս հաշվի են առնվել նախորդ ռազմավարության քննադատությունները: Այս մասին «Հետհեղափոխական Հայաստան. արդարադատության համակարգի վերափոխման խնդիրները» թեմայով քննարկման ժամանակ ասաց ԱՆ  ռազմավարական պլանավորման և էլեկտրոնային արդարադատության վարչության պետ Գոհար Հակոբյանը:

«Արդարադատության համակարգում փոփոխությունները իրականացվելու են երեք փուլով: Առաջինն ընդգրկելու է 2019-ի երկրորդ կիսամյակից մինչև 2021թ., երկրորդը՝ 2021-2023-ը: Երրորդը նպատակաուղղված է լինելու էլեկտրոնային արդարադատության ներդրմանը:
Անցումային արդարադատության գործիքակազմ պետք է ներդրվի: Սա նպատակ ունի ամրապնդել ժողովրդավարությունն ու իրավունքի գերակայությունը: Սա աշխարհում կիրառվում է նրա համար, որ վեր հանվեն անցյալում տեղի ունեցած մարդու իրավունքների խախտումները, մշակվեն գործիքակազմեր, որոնք նվազագույնի կհասցնեն հետագայում դրանց կրկնվելու հավանականությունը:

Փաստահավաք հանձնաժողով պետք է ստեղծվի, որն իր գործունեության ավարտին պետք է հանդես գա զեկույցով: Նախատեսում ենք նաև սահմանադրական բարեփոխումներ: Մեծ ծրագրեր ունենք՝ կապված դատավորների աշխատանքի ծանրաբեռնվածության կրճատման հետ»,-ասաց նա;