ՊԵԿ նախկին նախագահը դատական հայց է ներկայացրել ընդդեմ «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6, 24News

1

Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Վարդան Հարությունյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի։

ՊԵԿ նախկին նախագահը պահանջում է հերքել «ՀԴՄ-ները կառավարության գաղտնի որոշումով ձեռք են բերվել բարձր արժեքով. հարուցվել է քրեական գործ» հոդվածում զրպարտություն համարվող տվյալները՝ հրապարակելով պատասխանը, ինչպես նաև «Հետաքննող լրագրողներ»-ից հօգուտ Վարդան Հարությունյանի բռնագանձել 1 դրամ՝ որպես փոխհատուցում։

Մասնավորապես՝ ՊԵԿ նախկին նախագահը պահանջում է հերքել «Հետքի» օգոստոսի 7-ի հրապարակումը, որի համար հիմք է հանդիսացել ՊԵԿ-ի տարածած հաղորդագրությունը։ Մասնավորապես՝ այն վերաբերում է ՀԴՄ-ների ձեռքբերմանը, որով ՊԵԿ-ը հայտնել էր. «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ձեռքբերման համար ՀՀ կառավարության կողմից ավել գումար է հատկացվել, ինչը եղել է ակնհայտ անշահավետ գործարք Հայաստանի Հանրապետության համար»։

Կոմիտեն հավելել էր նաև, որ հսկիչ-դրամարկղային մեքենաների պայմանագրային արժեքը ձևակերպվել է իրականից ավելի բարձր գնով: Այս համատեսքտում պարզվել է նաև, որ ՊԵԿ նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձինք, շահադիտական նպատակներով իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու հետեւանքով, պետության օրինական շահերին էական վնաս են պատճառել։ Սակայն, կոմիտեն չի պարզաբանել, թե ովքեր են ՊԵԿ այդ բարձրաստիճան պաշտոնյաները։

Ի լրումն ՊԵԿ հաղորդագրության` «Հետք»-ը մանրամասներ էր հրապարակել իր կատարած հետաքննությունից, հայտնելով, որ այդ գործարքը վերաբերում է «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ի և չինական «Փաքս Թեքնոլոջի Լիմիթեդ» ընկերության միջև կնքված պայմանագրին, որով մատակարարվել էր 25․000 «Pax S 900» մոդելի ՀԴՄ։ «Փաքս Թեքնոլոջի Լիմիթեդ» ընկերության հայաստանյան ներկայացուցիչը «Սմարթ Սոլյուշնս» ընկերությունն է, որի միակ բաժնետերը «Եղիշանս» ՍՊԸ-ն է: Այս ընկերության բաժնետոմսերը, ըստ ընկերությունների գրանցման պետական ռեգիստրի, կիսում են Շանթ Եղիազարյանն ու Գոռ Անանյանը։ Շանթ Եղիազարյանը աշխատում է Վարդան Հարությունյանին փոխկապակցվող «Արքայաձոր» ռեստորանային համալիրում, իսկ Գոռ Անանյանը Կարեն Կարապետյանի որդու՝ Տիգրան Կարապետյանի մտերիմն է։

Վարդան Հարությունյանի ներկայացուցիչն անդրադարձել է նաև նշված հոդվածներին՝ Նոր ՀԴՄ-ները վաճառվել են ինքնարժեքից մոտ 70% թանկ գնով. ՊԵԿ-ը գաղտնի է պահում պայմանագրերը, Ինչպես է ՊԵԿ-ը հովանավորում նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին առնչվող բիզնեսը, ՀԴՄ-ների գնման պայմանագրերի հրապարակումը «կարող է ծանր հետևանքներ առաջացնել» և հայտնել․ «Հոդվածների պարզ ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դրանք ուղղված են Վ․ Հարությունյանին, ում նկարը պատկերված է նաև հոդվածի վերնամասում։ Գտնում ենք, որ նշված հոդվածները պարունակում են զրպարտություն պարունակող փաստացի տվյալներ, որոնք արատավորում են Վարդան Հարությունյանի պատիվ ու արժանապատվությունը»,-նշվել է հայցադիմում։

Որպես հիմնավորում մեջբերվել են հոդվածներ Սահմանադրությունից, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայից, ինչպես նաեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպեր։