Արցախում նախընտրական շրջանում ոստիկանության կողմից գրանցվել է ընտրակաշառքի 3 միջադեպ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7, 24News

1

«Ոստիկանությունը համապատասխան ստուգումներ է իրականացնում», - լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի ոստիկանության պետի աշխատակազմի ղեկավար Արմեն Մովսիսյանը՝ նշելով, որ Արցախում նախընտրական շրջանում ոստիկանության կողմից գրանցվել է երեք միջադեպ։

Վերջինիս հավստմամբ՝ ստացված տեղեկությունների ստուգման արդյունքում պարզվել է, որ Ասկերանի շրջանի համայնքի ղեկավարի թեկնածուներից մեկը, ներկայանալով բնակիչներից մեկի տուն, առաջարկել է իր օգտին քվեարկել՝ տալով տասը հազար դրամ։

«Ստուգում ենք տեղեկությունները, բավարար հիմքերի դեպքում քրեական գործ հարուցելու կամ մերժելու կապակցությամբ», - ասաց Մովսիսյանը։

Ընտրախախտման դեպքեր են արձանագրվել Շուշիում ու Ստեփանակերտում։ 

Արցախի ոստիկանապետի կողմից կա հրահանգ, ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը գործում է օգոստոսի 26-ից։

Արմեն Մովսիսյանը վստահեցրեց՝ որևէ լարվածություն չկա, անհանգստանալու որևէ առիթ չկա։

Այսօր ժամը 20։00-ից սկսվելու է խստացված ռեժիմով ծառայություն։ Այս մասին իր հերթին տեղեկացրեց Արցախի ոստիկանության հասարակական կարգի ապահովման բաժնի պետը։