Գլխավոր դատախազությունը չի մեկնաբանում Քոչարյանի վերաբերյալ ՍԴ որոշումը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News

Իրավական

ՀՀ գլխավոր դատախազությունն առայժմ չի մեկնաբանում Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքը՝ որպես խափանման միջոց, ընդունելու հոդվածը հակասահմանադրական ճանաչելու մասին որոշումը։ Այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։ Նա խնդրեց պաշտոնական դիրքորոշմանը սպասել պաշտոնական հաղորդագրությամբ՝ նշելով, որ չի կարող ասել, թե այն երբ պատրաստ կլինի։

Հիշեցնենք, որ ՍԴ որոշումը, որով Քրեական դատավարության օրենսգրքի՝ նախկին նախագահի վիճարկած հոդվածներից մեկը՝ 35-րդը, ճանաչվել է երկրի Հիմնական օրենքին չհամապատասխանող և անվավեր, իսկ մյուսը՝ 135-րդը՝ Սահմանադրությանը համապատասխանող, Սահմանադրական դատարանը հրապարակել է սեպտեմբերի 4-ին։ Առ այսօր որոշման մեկնաբանությունները խիստ հակասական են։

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամները նշում են, որ այս որոշման արդյունքում Քոչարյանը պիտի անհապաղ ազատ արձակվի և նրա գործն առաջին դատավարական նիստին պիտի ավարտվի։ Իսկ սահմանադրագետները հիմնականում նշում են, որ որոշումը իմպերատիվ ազդեցություն չունի, և ընդամենը դրական գործոն է Քոչարյանի գործի քննարկման համար։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի առաջ շարունակում են բողոքել Քոչարյանի աջակիցները՝ պահանջելով դատավոր Աննա Դանիբեկյանից անհապաղ քննարկում հրավիրել և ՍԴ որոշման հիման վրա ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին։