Ո՞ր «զոն նայողներն են» կազմակերպել «Նուբարաշենի բանտի անկարգությունները․ մանրամասներ

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News

օրենքով

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետ, արդարադատության մայոր Հովհաննես Պողոսյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ՝ ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում զանգվածային անկարգություններ կատարելու փաստով։ Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը։

Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 15։30-ի սահմանում, Նուբարաշենի բանտում իրենց պատիժը կրող դատապարտյալներ «Նորագյուղցի Նվերիկ» մականվամբ Ն. Կ-ն, «Վաչիկ» մականվամբ Վ. Գ.-ն, որոնք կալանավորված անձանց և դատապարտյալների մոտ ընդունված են որպես «զոն նայողներ», Նուբարաշենի բանտում կազմակերպել են զանգվածային անկարգություններ։

«Նորագյուղցի Նվերիկն» ու «Վաչիկը» հայտարարել են հանցավոր աշխարհում, այսպես կոչված, «Պռագոն», որ իրենք այլևս չեն համարվում «զոն նայողներ», չեն աջակցելու բանտի աշխատակիցների և կալանավորված անձանց ու դատապարտյալների միջև առաջացած խնդիրների լուծմանը։ Նրանք հրահանգել են բանտի աշխատանքներում ներգրավված սնունդ բաժանող դատապարտյալներին, որպեսզի նրանք իրենց պարտականությունները չիրականացնեն, որից հետո մյուս կալանավորված անձանց ու դատապարտյալներին հրահանգել են բանտում իրականացնել զանգվածային անկարգություններ։

Ըստ աղբյուրի՝ Նուբարաշենի բանտի 3-րդ և 4-րդ մասնաշենքերում գտնվող մի քանի խցերի կալանավորներ ու դատապարտյալներ «զոն նայողների» հրահանգի հիման վրա սկսել են կատարել զանգվածային անկարգություններ, մասնավորապես, ոչնչացնելու և վնասելու եղանակով սկսել են վնասել խցերի դռներին և կերակրադռնակներին՝ կոտրելով այն, իսկ 18։00-ից մինչև 19։00-ն ընկած ժամանակահատվածում խցերից վառվող առարկաներ են նետել բանտի պահպանության տարածք, ինչի հետևանքով խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել։

Հրդեհը մարելու նպատակով օպերատիվորեն ժամանել են արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայւթյան հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր էլ կրակը մեկուսացրել ու մարել են։

Նույն ժամանակահատվածում Նուբարաշենի բանտի մերձակա տարածքում հավաքվել են մոտ 30-ից ավելի ավտոմեքենաներ, և 100-ից ավելի անձինք, որենց մեջ է եղել Նուբարաշենի բանտի նախկին դատապարտյալ, «Դատապարտյալների հիվանդանոց»-ի»՝ ժողովրդի լեզվով ասած՝ «ЦБ»-ի «զոն նայող», «Կոկո» մակաբնվամբ Կ. Հ-ն։ Բանտի աշխատակիցները, տեսնելով, որ կուտակումներն ավելանում է, ահազանգում են ոստիկանության Էրեբունու բաժին, որտեղից ժամանում է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վարդան Վարդանյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Մամիկոն Հակոբյանի գլխավորությամբ։ Հավաքվածները, տեսնելով ժամանած ոստիկաններին, ավտոմեքենաներով հեռանում են հիմնարկի տարածքից։

Կալանավայրերի վարչության պետ, գեներալ-մայոր Արթուր Գոյունյանը օպերատիվ խմբերի հետ կարողանում է դադարեցնել զանգվածային անկարգությունները։

Աղբյուրը նաև նշել էր, որ դեպքի վայրի զննությամբ պարզվել և հիմնվավորվել է, որ դիտավորյալ կոտրել են Նուբարաշենի բանտի մի քանի խցերի մուտքի դռների փականները, էլեկտրական մալուխների պաշտպանիչ պատյանների որոշ հատվածներ, ինչպես նաև մի քանի խցերի պատուհանների ապակիներ։

Դեպքի փաստով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազությունում հարուցվել է քրգործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225 հոդվածի 1-ին և 2-րդ մասերի հատկանիշներով։

Էրեբունու քննիչները, կատարելով քրեական գործի նախաքննություն, օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ վերը նշված անկարգություններն ուղղորդված են եղել Նուբարաշենի բանտին հարակից տարածքում հավաքված մի խումբ անձանց, այդ թվում՝ «Կոկոյի» կողմից։