Ծովակ-Լճավան-Մաքենիս-Աստղաձոր 14 կմ ճանապարհի բարեկարգման համար փող չկա

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News

1

Անդրադառնալով Գեղարքունիքի մարզպետի` Ծովակ-Լճավան-Մաքենիս-Աստղաձոր 14 կմ ճանապարհը բարեկարգելու մասին խոստմանը՝ ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանը հետևյալ գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում․

«2019 թ․ մարտին ՀՀ Գեղարքունիքի մարզպետը հայտարարել էր, որ Ծովակ-Լճավան-Մաքենիս-Աստղաձոր 14 կմ ճանապարհն ամբողջությամբ բարեկարգվելու է 2019 թ ընթացքում։
Հուլիսի 23-ին շրջայցով Գեղարքունիքի մարզում էի, սակայն ճանապարհների բարեկարգման որևէ աշխատանք չէր սկսվել նշված հատվածում։

Օգոստոսի 21-ին դիմել էի ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին՝ խնդրելով տրամադրել տեղեկատվություն, թե երբ է վերանորոգվելու մարզի նշված համայնքների ճանապարհները։ Սեպտեմբերի 6-ի նախարարության պատասխան գրության մեջ ասվում է, որ նշված հատվածի բարեկարգման աշխատանքները հնարավոր չի եղել սկսել այս տարի՝ ֆինանսական միջոցների անբավարարության պատճառով։ Նոր համաձայնություն է ձեռք բերվել Համաշխարհային բանկի հետ՝ կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի համար երկրորդ լրացուցիչ ֆինանսավորման շուրջ։

Նախարարությունից մեզ վստահեցնում են, որ հաջորդ տարի սկսելու են այդ ճանապարհի շինարարությունը»: