Ամեն ինչ անում եմ, որ իմ թիմին օգնեմ․ Բոնուչին ներողություն չի խնդրի Կարապետյանից

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News

.

Իտալիայի հավաքականի պաշտպան Լեոնարդո Բոնուչին հայտարարել է, որ չի պատրաստվում ներողություն խնդրել Հայաստանի ընտրանու հարձակվող Ալեքսանդր Կարապետյանից: Այդ թիմերի միջև խաղում «Յուվենտուսի» ֆուտբոլիստը ձևացրել է` իբր դեմքին հարված է ստացել, ինչի պատճառով հայ ֆուտբոլիստին մրցավարը կարմիր քարտ է ցույց տվել:

«Նման բաներ պատահում են: Չեմ կարծում, թե պետք է ներողություն խնդրեմ: Նույնիսկ չէի մտածում, որ նա այդ պահին արդեն դեղին քարտ ուներ: Մինչև այդ արդեն երկու հարված ստացել էի դեմքիս և փորձում էի ձեռքով պաշտպանել այտս:

Հիասթափեցնում է, որ այդ դրվագի շուրջ այսքան վեճեր առաջացան, բայց ես ընդունում եմ դա և առաջ գնում: Բոլորին պատասխանում եմ իմ խաղով: Հավաքականի կազմում 91 հանդիպում եմ անցկացրել: Ամեն ինչ անում եմ, որ իմ թիմին օգնեմ»,- պաշտպանի խոսքերն է մեջբերում Football Italia-ն: